18 տարեկան զինվորը կռվել է ամենաբարձր մակարդակով, չի փախել, չի երկմտել. ծնունդով Ջավախքից պատերազմի մասնակից
Կարեն Գրքիկյանը Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից է։ Նա արդեն 10 տարի է ծառայում է Հայոց բանակում։ Կարենը մասնակից է եղել և՛ Ապրիլյան քառօրյային, և՛ 44-օրյա պատերազմին։ Կարենը դպրոցն ավարտելուց հետո ընտրել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտը, այն համարելով ամենալավը՝ մյուս ուսումնական հաստատությունների համեմատ։
Նա յուրաքանչյուր հայի պարտքն է համարում ծառայել հայրենիքին, պատերազմի ժամանակ պայքարել ու կռվել հանուն հայրենիքի։
«Պատերազմը չի ավարտվել և չի էլ սկսվել, այս պատերազմը միշտ էլ կա, վախն ու մտահոգությունը միշտ կա։ Եթե հայ ես զգում քեզ, պետք է գնաս, կապ չունի զինվորական ես, թե սովորական գյուղացի», – Jnews-ի հաղորդմամբ՝ ասում է նա։
Պատերազմի սկզբում Կարեն Գրքիկյանը Ջաբրաիլում է եղել, այնուհետև պայքարը շարունակել է Հադրութում և հասել մինչև Շուշիի մատույցներ։ Կարենը զինվորականին հատուկ զսպվածություն ունի, շատ բան չի պատմում պատերազից, իր ծառայությունից կամ կատարած հերոսություններից։
«Պատերազմը արդեն սպասելի էր, որովհետև իրավիճակը այն կարգի էր հասունացել, որ մի տեղից պետք է ժայթքեր։ Պատերազմը որ սկսվում է, ուրիշ ոչ մի բանի մասին չես կարող մտածել, անջատվում ես այս կյանքից և մտնում այդ կյանքի մեջ։ Պատրաստվել էինք, որ հաղթելու էինք, բայց, երբ Ջաբրաիլից հետ եկանք, հասկացանք, որ ուժերի հարաբերակցությունը գերազանցում է»,- պատմում է նա։
Ընկերների մասին խոսելիս Կարենը խորը շունչ է քաշում և հայացքը խոնարհում։ Նրա ընկերների զգալի մասը զոհվել է այս պատերազմում։
«Իմ ընկերներին 90 տոկոսը հիմա չկա։ Դա բնական է, կռիվ է, զոհերը անխուսափելի են, ցանկացած կռվի մեջ լավ բան չկա։ Իմանում ես, որ ընկերդ է զոհվել, կամ զինվորդ է զոհվել, բայց այդ ժամանակ ոչ մի բան չես զգում, քանի որ այդ ժամանակ այնքան զբաղված ես լինում, որ չես հասցնում մտածես, կամ զգաս: Հետո զգում ես նրանց պակասը, երբ տեսնում ես նրա ընտանիքի անդամներին՝ կին, երեխա, այդ ժամանակ զգում ես ամենախորը ձևով»,- ցավով ավելացնում է Կարենը։
Կարենը հպարտությամբ է խոսում հայ զինվորների քաջագործությունների մասին, թե ինչպես են 18 տարեկան տղաները պայքարել։
«Եթե զինվորը պատերազմ չի տեսել, չի պատկերացնում, զինվորը ձգտում է օրինախախտ լինել, չծառայել, բայց պատերազմի ժամանակ ցանկացած զինվոր, թե՛ գիտակցաբար, թե՛ անգիտակցաբար մեծ ջանք է գործադրում, ամեն ինչ անում է, ամեն ինչ ներդրում է, անհնարինն է անում։ 18 տարեկան զինվորը այսօր կռվել է ամենաբարձր մակարդակով, 92 թվի կռվածներից էլ լավ է կռվել, չի փախել, չի երկմտել, ոչ մի քայլ հետ սկզբունքով կռիվ է տվել մինչև վերջ», – վստահեցնում է Կարեն Գրքիկյանը։
Վեց տարի Կարենն ապրել է Ջաբրաիլում, այդ ընթացքում հասցրել է բազմաթիվ ընկերներ ունենալ, որոնց հիմա էլ զոհվելուց հետո ողջ է համարում։
«Ջաբրաիլում ապրել ենք այն միջավայում, այն ընկերական շրջապատում, որ ոչ մի տեղ չես գտնի նման բան, ես այնպիսի ընկերներ եմ ունեցել, որ ոչ մեկի հետ չեմ փոխի, իրենք հիմա ճիշտ է չկան, բայց էլի իմ ընկերներն են, անհամեմատելի են, չորս տարի միասին սովորել ենք, հետո վեց տարի նույն տան մեջ ապրել», – պատմում է նա։
Կարենն ամեն վայրկյան, ամեն պահի պատրաստ է նորից կռվելու ու պայքարելու, կորցրած հայրենիքը ետ բերելու։ Ինչպես ինքն է նշում՝ ամբողջ աշխարհը տեսավ, որ թուրքի մոտ ոչինչ չի փոխվել, նույնն է մնացել և այդ ազգը իրենից ոչինչ չի ներկայացնում, դրա համար էլ ուրիշների ուժին դիմեց։
«Այս կռվում ոչ մի դրական բան չեղավ: Ինչ ունեինք, հիմա չունենք․․․»:
Պատերազմի ավարտից միայն չորս ամիս անց նա կարողանում է վերադառնալ հայրենի գյուղ։ Ջավախքում Կարենին մեծ շուքով են դիմավորում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ որ տեսա հոկտեմբերի 3-ին Մատաղիսում, երբեք չեմ մոռանա. ծնունդով Ջավախքից Անդրանիկ Համբարյան
- Արցախում զոհված ջավախքցիներից ևս մեկը՝ Դավիթ Մադոյան
- Արցախում զոհված ջավախքցի Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արցախում հերոսացած ջավախքցիները
- Եվս մի ջավախքցի զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով
- Շուշիում զոհվել է արմատներով Ջավախքից Գևորգ Կուլիջանյանը
- Արցախում զոհվել է ջավախքցի ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը
- Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան