Երեկ մենք ականատես էինք Ալիևի հաղթական պառադի հայաստանյան տարբերակին. Զոհրաբյան
«Իմ լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ես տեսել եմ, թե ինչպես են նախորդ իշխանությունները կիրառել վարչական ռեսուրս, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ վարչական այն խայտառակ ռեսուրսը կիրառելով, աննախադեպ էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի իրականացրած երեկվա հավաքը ոչ թե հանրահավաք էր, այլ՝ «փարթի», քանի որ ուղեկցվում էր «դմփ-դմփ-հու»-երով, ծափերով ու գոռում-գոչյուններով։
Նիկոլ Փաշինյանը, ով իր լրագրողական ու պատգամավորական գործունեության ընթացքում ԱԺ ամբիոնը և իր թերթը մշտապես օգտագործել է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին բարձրաձայնելու համար, կիրառեց այնպիսի վարչական ռեսուրս, ինչպիսին ՀՀ պատմության մեջ չի եղել։ Եվ այն, ինչի դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանի, հիմա 100-ապատիկ անգամ ավելի իրականացվում է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ այլասերված ձևերով։ Ամենացավալին այն էր, որ հավաքից հետո սկսվեց ցնծության, «դմփ-դմփ-հու»-ի փարթի»,- նկատեց պատգամավորը։
Ըստ նրա, այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, անարգանք է Արցախի, զոհված 5000 պայծառ տղաների հասցեին։
«Որևէ բացատրություն չկա այդ «դմփ-դմփ-հու»-ին, այդ ցնծությանը։ Երեկ մենք ականատես էինք Ալիևի հաղթական պառադի հայաստանյան տարբերակին։ Վարչական ռեսուրսով մոտ 22 հազար մարդու էին բերման ենթարկել։ Բայց ՀՀ-ում երբևէ նման վարչական ռեսուրս չի կիրառվել։ Ստեփանավանից մարդկանց նիսիայի տետրով են վախեցրել, ասել են՝ կա՛մ գնում եք Փաշինյանի հավաքին, կա՛մ բերում և տալիս եք պարտքերը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Նա նկատեց, որ եթե առաջ կարծում էր, որ Փաշինյանի կողքին կան անմեղ մոլորյալներ, ապա այժմ ինքը վստահ է՝ ՀՀ-ում չկան անմեղ մոլորյալներ, կան՝ «Նիկոլի կողմից պատանդված պատգամավորներ», քանի որ երեկ մասնակցել են հենց Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «փարթի»-ին։
«Նրանք երեկ տրորեցին Եռաբլուրը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարզերից ուսուցիչները Փաշինյանի հավաքի փոխարեն միացել են ընդդիմության հանրահավաքին
- Քաղաքացիները պնդել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի