Ժամանակ ունե՞նք բանավիճելու, թե ո՞ր հրապարակում է ավելի շատ մարդ հավաքվում. Սիմոնյան
«Անկումը քիչ կանգառներ ունի, դրա համար անկում ապրող մարդիկ չեն հասցնում գիտակցել, որ իրենք անկման մեջ են»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, խորհրդարան բերված օրակարգը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնք այժմ կան։
«Ես մի քիչ ժամանակի նկատմամբ զգայուն եմ, և հատկապես պարտությունից հետո այդ ժամանակն սկսել է արագ հոսել։ Եվ եթե մենք ամեն վայրկյանն ու ժամը չենք օգտագործում այն մարտահրավերներին պատասխանելու համար, որոնք մեր առաջ ծառանում են՝ ավելի մեծ հարված հասցնելու պոտենցիալով, դա նշանակում է, որ մենք ինքներս չենք զգում, որ պետականությանը մեր իսկ առկայությամբ և որոշում չկայացնելով վնաս ենք հասցնում»,- կարծիք հայտնեց պատգամավորը։
Ըստ նրա, կարելի էր օրակարգում առկա 19 հարցերից մի քանիսը նվիրել լուրջ մարտահրավերներին։
«Լավ է, որ գոնե 1-2 հարց կա, որ այս մարտահրավերների հետ կապ ունի։ Բայց արդյո՞ք մենք իրավունք ունենք ժամանակ ծախսել և 19 հարցերից միայն 2-ը քննարկել՝ ներկա վիճակի հետ կապված։ Արդյո՞ք մենք իրավունք ունենք գնալ Ծաղկաձորում քննարկում կազմակերպել՝ այսօրվա հետ կապ չունեցող նախաձեռնությունները քննարկելու համար։ Արդյոք մենք ժամանակ ունենք 4 ամիս ծախսել՝ բանակաշինության հարցում գոնե օրենսդրական մակարդակում լուրջ փոփոխությունների մասին չխոսելու վրա։ Արդյոք մենք ժամանակ ունենք քաղաքական ճգնաժամերում ինչ-որ հայտարարություններով հանդես գալու և մեկս մյուսի հետ բանավիճելու, թե որ հրապարակում է ավելի շատ մարդ հավաքվում»,- նշեց նա։
Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ ՀՀ-ի հարևաններն օր օրի ավելացնում են իրենց ռազմական պոտենցիալը և ամրապնդում այդ ամենը արտաքին քաղաքականությունում դիվանագիտական տարբեր հաղթանակներով։
«Անկում ապրելուց գոնե ժամանակ առ ժամանակ գիտակցեք այդ անկման անդառնալիությունը, որ կարողանաք վերականգնել ուժերը և տեսնել մարտահրավերները, որոնք մեր առաջ օր օրի ավելի են ծառանում»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։