Գարնանային համերգաշարի բացումը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգով
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որով ազդարարվելու է գարնանային համերգաշրջանի բացումը։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ այն կայանալու է մարտի 3-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին կհնչեն Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Ռ. Վագների ստեղծագործությունները:
«Անչափ ուրախ եմ այս անգամ ելույթ ունենալ մի ծրագրով, որը կատարելու եմ սիրելի ուսուցչիս՝ պրոֆեսոր, դաշնակահար Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին. այս տարի նա կդառնար 70 տարեկան: Ի դեպ, ծրագրում ներառել եմ բացառապես ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց վրա դեռ տարիներ առաջ աշխատել եմ ուսուցչիս հետ։ Նաև մեծ ուրախությամբ եմ փաստում իմ վերադարձը այս գեղեցիկ համերգասրահ: Նախկինում զրկված ենք եղել պատշաճ գործիքի առկայությունից, այդ իսկ պատճառով արդեն բազում տարիներ այս դահլիճում հանդես չեմ եկել։ Սա ինձ համար խորհրդանշական և պատասխանատու համերգ է»,- ասել է Հայկ Մելիքյանը:
Դաշնակահարի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանի խոսքով, շատ գովելի է, որ երկար սպասված Yamaha մակնիշի համերգային դաշնամուրը վերջապես հանգրվանեց Կամերային երաժշտության տանը, և այսուհետ դաշնամուրային երեկոները հավուր պատշաճի կկազմակերպվեն՝ ի բարօրություն թե՛ կատարողի, թե՛ ունկնդրի:
«Որպես մենեջեր սա ինձ համար անչափ կարևոր խնդիր էր, որի լուծման համար, իհարկե, շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադային»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին