Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք. ԱԻՊԾ
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:
«Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան»,- նշված է հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի, զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն: