Ի վերջո, ո՞վ է բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ գցել. Միքայել Մելքումյան
«Բոլորս այսօր հասկանում ենք պահի լրջությունը. մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է, այսինքն՝ չի աշխատում, չկա իշխանություն»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նախ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությանը, երբ նա նախ ասել էր, թե «Իսկանդերը» 10 տոկոսով է կրակել, ապա ուղղել էր իր խոսքը, նշելով, թե դա թյուրիմացության արդյունք է։
«Իսկ միգուցե թյուրիմացության արդյունք են տնտեսական հեղափոխության մասին հորջորջանքները, առ այն, որ մեր մոտ տնտեսական հեղափոխությունը նույնացվում է ՀԴՄ կտրոնների հետ։ Իսկ միգուցե թյուրիմացություն է այն, որ պետական համակարգի կառավարման արդյունավետությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»,- ասաց նա։
Նա նշեց, որ 2020 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կրճատվել է 11 անգամ, ինչը արտառոց երևույթ է, իսկ ներդրումները հոսում են դեպի ռազմավարական գործընկերոջ մոտ:
Ըստ պատգամավորի, 2021 թվականի հունվար ամսին երկնիշ թվով անկում ունենք նաև արտահանման, ներմուծման, արտաքին առևտրաշրջանառության և տնտեսական բոլոր ցուցանիշներում:
«Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը չի գործում, այսինքն, եթե նա չլինի, գուցե շատ ավելի լավ լինի: Ռազմական առումով «Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր», և մենք ինչպես ենք պատասխանում ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին, և ինչու չենք պատասխանում Ալիևին»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը նշեց, որ երբ «Իսկանդերի» մասին բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում և թյուրիմացություն է առաջացնում, սա նշանակում է հայ-ռուսական հարաբերություններում նոր սեպ են խրում:
Միքայել Մելքումյանը հարց բարձրացրեց, թե, ի վերջո, ո՞վ է բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ գցել։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանին սխալ զեկուցելու մասին հայտարարությունը
- «Իսկանդերի» անգործության մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց Փաշինյանը եզրակացրել է՝ իրեն ճիշտ չի զեկուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան