Մարդկանց, այլևս նիսիայով հաց չտալու սպառնալիքով բերել էին Նիկոլի հանրահավաքին. Զոհրաբյան
«Տարիներ շարունակ նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից խոսում էր իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը վարչական ռեսուրսի կիրառման գլուխգործոց էր»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը իշխանության բոլոր թևերի, ՏԻՄ բոլոր կառույցների, մարզպետարանների, գյուղպետարանների, դպրոցների, հիվանդանոցների, թաղապետարանների, կոշիկի արտադրամասերի և վարսավիրանոցների համատեղ գալա համերգ էր։
«Հանվեցին նաև մարդկանց նիսիաների տետրերը։ Մարդկանց, այլևս նիսիայով հաց չտալու սպառնալիքով բերել էին հանրահավաքին, իսկ իշխանության դուստր ձեռնարկության կարգավիճակ ստացած օլիգարխները մարդ մատակարարելու գործում սահմանեցին «ստախանովյան» ռեկորդներ։ Իմ լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ես չէի տեսել վարչական ռեսուրսի նման զարհուրելի ձևով օգտագործում, ինչն արվեց իշխանության մարտիմեկյան հանրահավաքի մասսովկան ապահովելու համար»,- ընդգծեց պատգամավորը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն այսօր անում է այն, ինչի դեմ տարիներ շարունակ պայքարել է որպես լրագրող և ընդդիմադիր պատգամավոր։
«Ես ընդունում եմ, որ թերագնահատել եմ իշխանության լծակները էս մակարդակի անխնա չարաշահելու այդ մարդու տաղանդը։ Եվ այսպես, «Մարտի 1»-ից 13 տարի անց իշխանությունը Արցախյան պատերազմում մեր պարտությունը, 1000-ավոր տղաների մահը, անհետ կորածների և ռազմագերիների հիմնահարցը նշեց «դմփ-դմփ-հու»-երով։ Տպավորություն էր, որ մենք պատերազմում չենք պարտվել, որ 5000 և ավելի զոհերը միֆ են, որ չունենք գերիներ, անհետ կորածներ, և որ իշխանության «հարավաֆրիկյան վուվուզելները» մայրաքաղաքի փողոցներում ազդարարում էին հաղթանակը»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով, «մայոնեզի և կետչուպի գովազդների իշխանական դերասանը», մտահոգվելով Ադրբեջանի և Թուրքիայի կոմֆորտով, երեկ հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը վերջապես ուզում են քաղաքակիրթ ղեկավարով քաղաքակիրթ հարևան։
«Փաստորեն, մայոնեզի ռեկլամի տղայի համար հայ զինվորին գլխատած, հայ ծերունուն ողջ մորթած քաղաքակիրթ Արդբեջանն իր բայրաքթարներով 1000-ավոր հայ զինվորներ սպանած քաղաքակիրթ Թուրքիայի հետ միասին, Հայաստանում իր ճաշակով իշխանություն է ուզում։ Սա զարհուրելի է, բայց ամենազարհուրելին այն է, որ կետչուպի ռեկլամի տղայի նման մտածող ու Արցախը գլխացավանք համարող քաղաքացիներ մենք էլի ունենք։ Բայց ես վստահ եմ, որ մեր երեխաներն ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում»,- եզրափակեց ելույթը Նաիրա Զոհրաբյանը։