Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել. Սոֆյա Հովսեփյան
«Որքա՞ն կարելի է մերժել Սերժին։ 2018-ին մերժեցինք, ու հիմա՝ 2021-ին հլը մերժում ենք»,- այսօր խորհրդարանական հայտարարության ժամին ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա հարց բարձրացրեց, թե որքան դեռ պետք է իշխանությունը չհասկանա, որ արդեն մերժել է, և դրանից հետո ունի իշխանություն։
«Հիմա հնարավորություն է ստեղծվել, և կողքից եմ նայում՝ երկրում կա ընդդիմություն և էլի ընդդիմություն, իշխանություն գոյություն չունի, մեկը մյուսին մերժում է: Այն որ ընդդիմությունը քննադատում է, դա նորմալ է, բնականոն է, բայց որ իշխանությունն է այդքան քննադատում, չեմ հասկանում, քանի որ այդ էներգիան, որ դնում է քննադատելու համար, պետք է լիներ աշխատանք և գործ»,- նշեց նա:
Սոֆյա Հովսեփյանն ասաց՝ գոյություն ունեն մարդկանց խմբեր, որ ո՛չ այս կողմի վրա են, ո՛չ այն կողմի վրա են, և հարց բարձրացրեց, թե ինչ է, ՀՀ քաղաքացիներ չեն և պետք է նստեն ու ամեն օր նայեն, թե ինչպես են իրար ինչ ասես ասո՞ւմ:
«Ողջախոհության քայլերը առաջին հերթին պետք է անի իշխանությունը՝ համախմբելով մարդկանց, չպառակտելով: Այսօր մեր ազգը պառակտված է, մարդիկ իրար ատում են, ընտանիքներ են բաժանվում, ընտանիքի մի մասը Բաղրամյան պողոտայում է, մյուս մասը Հանրապետության հրապարակում»,- ասաց նա։
Պատգամավորը կոչ արեց համախմբվել, քանի որ Հայաստանը ազգակործանման ճանապարհին է։
«Մենք խնդրի առաջ ենք կանգնելու և այդ խնդրի միակ լուծումը իշխանության կողմից համախմբման փորձ անելու մեջ է և ոչ թե աջ ու ձախ դավաճաններ չփնտրելու մեջ»,- նկատեց նա։
Պատգամավորը հարց հնչեցրեց՝ եթե դավաճաններ կան, ո՞ւր է այդ դեպքում օրենքը, ո՞ւր է համապատասխան պատիժը:
«Եթե չենք կարող, ուրեմն խնդրում եմ անընդհատ չասել՝ վերջ թավիշին: Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել»,- եզրափակեց խոսքը նա:
Հարակից հրապարակումներ`
- Ի վերջո, ո՞վ է բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ գցել. Միքայել Մելքումյան
- Չպետք է հիմարանալ՝ չնկատելու տալ հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը. Կոստանյան
- Մարդկանց, այլևս նիսիայով հաց չտալու սպառնալիքով բերել էին Նիկոլի հանրահավաքին. Զոհրաբյան