Ով և ինչու չի ստորագրել հայտնի հայտարարության տակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության տակ, որով բարձրագույն հրամանատարները վարչապետի և կառավարության հրաժարականն են պահանջում, չեն ստորագրել գեներալներ Պողոս Պողոսյանն ու Անդրանիկ Մակարյանը: Ինչո՞ւ են այս գեներալներն այսօր փաստացի աջակցում Փաշինյանին: Պատճառը, գուցե, Փաշինյանի հետ կատարվածի պատասխանատվությունը կիսելու ազնիվ մտատանջա՞նքն է:
Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ՀՀ ԶՈՒ սպառազինության պետն է 2016 թվականից: Նա է պատասխանատուն զենքի, զինամթերքի, ՀՕՊ միջոցների համար, որոնք, ինչպես արդեն հայտնի է բազմաթիվ հրապարակումներից, գնվել են խախտումներով, կոռուպցիոն ռիսկերով, չեն համապատասխանել բանակի բուն պահանջներին, ինչի մասին, մասնավորապես, խոսել էր գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ հայտնի ասուլիսի ժամանակ: Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եթե անմիջական պատասխանատուն չէ, ապա գոնե տեղյակ է եղել կոռուպցիոն գործարքների, սպառազինության վիճակի մասին:
Ինչ վերաբերում է գեներալ-լեյտենանտ Մակարյանին, որը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն է 2019թ. նոյեմբերից, ԶՈՒ կողմից նշանակված է եղել որպես հարավ-արևելյան ուղղության համակարգող: Նրա անմիջական ղեկավարմամբ է առաջին բանակային կորպուսը հսկայական կորուստներ ու նահանջ ունեցել Ջաբրայիլի ուղղությամբ, ունեցել է անհայտ կորածներ, մեծ թվով զոհվածներ: Պատահական չէ, որ զոհվածների ու կորածների ծնողները հենց գեներալ Մակարյանին էին մեղադրում իրենց երեխաների զոհվելու մեջ: Արդյոք չստորագրելով հայտարարությունը, Փաշինյանի իշխանությունից կառչելով, հարգարժան գեներալները չե՞ն ուզում կոծկել իրենց հանցակցությունը և ապահովել սեփական անվտանգությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: