Փաշինյանի հետ որևէ համաձայնության չեկանք. Մարուքյան
«Խոսեցինք, որոշակիորեն բանակցություններ վարել ենք։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ԳՇ խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մենք ենք կապում»,- այսօր Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, երկրում եղած ճգնաժամին ավելացել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ կապված խնդիրը, և ըստ այդմ, պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպվեն։
«Այս պահին չունենք որևէ համաձայնություն, ենթադրում եմ, որ կլինի նաև երկրորդ հանդիպում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև միայն մեր դիրքորոշմամբ չեն կարող պրոցեսներն առաջ գնալ և խորհրդարանը չի կարող ցրվել։ Հետևաբար, երբ պարզ կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, կարծում եմ՝ նորից կլինեն բանակցություններ։ Այս պահին որևէ համաձայնություն չունենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե ինչո՞ւ համաձայնություն չի եղել, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը 2 հարցերը իրար չի կապել, իսկ իրենք մտածում են, որ ԳՇ-ի հարցը կապված է արտահերթ ընտրությունների հետ։
«Ես միշտ ասում էի, որ պետք է ԶՈւ-ն թողնենք իր տեղում, և անցկացնենք արտահերթ ընտրություններ։ Ես այլ ելք, քան արտահերթ ընտրություններ անցկացնելը, չեմ տեսնում։ Կա կամք՝ բանակցությունները շարունակելու, Նիկոլ Փաշինյանն էլ ունի այդ կամքը, ԲՀԿ-ի կամքն էլ կտեսնենք։ Որից հետո կշարունակենք խոսել։ Պայմանավորվել ենք, որ միայն մեր դիրքորոշմամբ խնդիրը չենք կարող լուծել։ Եթե խոսքն այն մասին է, որ օրինակ՝ ես հրաժարվում եմ վարչապետի պաշտոնում առաջադրվելուց, բայց մյուս ուժը չի հրաժարվում, խնդիրը չի լուծվում»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նկատեց՝ բանակը քաղաքական պրոցեսներում ներքաշելուց հետո, առանց ԳՇ-ի հարցը լուծելու ինքը չի պատկերացնում՝ ոնց կարող են արտահերթ ընտրություններ լինել, բայց քանի որ ինքն ուզում է, որ այդ ընտրությունները շատ արագ կազմակերպվեն, առաջարկում է, որ այս փուլում հանգիստ թողնեն ԳՇ-ին։
«Ես հույս ունեմ, որ բանակցությունների երկրորդ փուլում արդեն որևէ ճանապարհ կգտնենք։ Չեմ ուզում, որ ինչ-որ արհավիրք լինի, նոր մտածենք՝ ինչ անել»,- կարծիք հայտնեց Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ժամկետներում է պատկերացնում արտահերթ ընտրությունների կազմակերպումը՝ Մարուքյանը նշեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապրիլի 25 կամ մայիսի 2 կլինի ընտրություններ՝ էդ մի հաշվարկը արել եմ, այսօր ներկայացրել եմ, հիմա մնացածը կքննարկենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մարուքյանին ժամը հարմար չի եղել
- Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել, վերջինս՝ ընդունել է հրավերը