Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը բողոքարկվելու է. պաշտպան
«Գործ ունենք պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ»,- լրագրողներին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ գործ ունեն մի քանի քաղաքական հայտարարությունները իբրև Քրեական օրենսգրքի հետ առնչության մեջ դիտարկելու Քննչական կոմիտեի փորձի հետ, որը, պարզ է, պատվեր է:
«Խոսքերից մեկը վերաբերում է փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանի հայտարարված պլան Ա-ին ու պլան Բ-ին: Պարզ է չէ՝ եթե պլան Բ-ին ուղղված կոչ լիներ, ապա պլան Բ-ի իրացումը կտեսնեինք:
Երկրորդ, հանրահավաքի ժամանակ պատգամավորների վերաբերյալ մի քանի հայտարարություններ էին հնչել: Դա պետք է դիտարկվի 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետ ուղղակի կապի մեջ: Եթե մեր քննչական կոմիտեն, դատախազությունը թույլատրելի են համարել սև ժապավեններ փակցնելը, դագաղներ տանելը ՀՀԿ պատգամավորների տների մոտ, ապա տվյալ դեպքում Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ ավելի նվազ է, քանի որ խոսքը գնում է հանրային պարսավանքի մասին:
Այո, հանրային պարասվանքի պետք է արժանանան այն քաղաքական գործիչները, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի հետ: Դա, կարծում եմ, առնվազն բխում է մեր հանրության իմունային համակարգից: Չի կարող լինել այնպես, որ այդ անձիք մի հատ էլ գովաբանվեին: Խոսքը քաղաքական հայտարարությունների մասին էր, այս պայմաններում խոսել Քրեական օրենսգքրի հետ առնչության մասին, առնվազն աբսուրդ է»,- ասաց Մանուկյանի պաշտպանը:
Նրա խոսքով, այսօր արձանագրվեց, որ մեղադրանքի էությունն առհասարակ պարզ չէ և պարզ չէ առչնությունն այդ մեղադրանքի Քրեական օրենսգրքի հոդվածների հետ:
Ա. Վարդևանյանն ասաց, որ բողոքարկելու են Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին. «Որևէ հիմք և պայման մենք չենք տեսնում, չենք տեսնում նաև, թե ինչպես են հաղթահարել հիմնավոր կասկածը, առավել ևս հիմքերի հետ կապված, ինչից են ենթադրել, որ Վազգեն Մանուկյանը կարող է խոչընդոտել կամ թաքնվել կամ ինչին պետք է խոչընդոտի կամ ինչից թաքնվի»:
«Ի վերջո Վազգեն Մանուկյանի ցանկացած հայտարարությունը խնդրում եմ համադրել, օրինակ, հետևյալ հայտարարության հետ. որոշ անձ, որը հետագայում բավականին բարձր պաշտոն ստացավ, Հանրապետության հրապարակում պնդում էր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ-ում վարչապետ չի լինի: Հայաստանում չի կարող լինել մեկ անձ, ով սպառնա՝ Հայաստանում կամ ինքն է լինելու վարչապետ, կամ չի լինելու: Դա ոչ միայն պետք է դիտարկել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի տիրույթում, նաև 300-րդ հոդվածի, քանի որ իշխանության յուրացման, զավթման դասական գործիքներից մեկն է, բայց այդ հարցով քրեական գործ չկա»,- ասաց նա:
Արամ Վարդևանյանի կարծիքով, այս ամենը մարդկանց հերթական անգամ ճնշելու, մարդկանց վճռականությունը թուլացնելու համար է, սակայն չի ստացվի ու հեռանկար էլ չունի:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Սովորական քաղաքական հետապնդում է
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
- Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելու գլխավոր նպատակն է թուլացնեն Հայրենիքի փրկության շարժումը. Մկրտչյան
- Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, ովքեր կշարունակեն Փաշինյանին հեռացնելու պայքարը. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության
- Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին