Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելու գլխավոր նպատակն է թուլացնեն Հայրենիքի փրկության շարժումը. Մկրտչյան
«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդի ժանրից է, այս իշխանությունների ձեռագիրն է»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց քաղաքական գործիչ Վահրամ Մկրտչյանը:
Նա նշեց, որ երբ հանրությունը սկսում է կենտրոնանալ այն քաղաքական գործիչների շուրջ, որոնք կարևոր հարցադրումներ են բարձրացնում, երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերման ծրագրեր են առաջարկում, իշխանությունները վտանգ են զգում, որ կկորցնեն իրենց իշխանությունը, սկսում են շինծու մեղադրանքներով այդ քաղաքական գործիչներին անհարմար վիճակներ պատճառել, որպեսզի քաղաքական գործընթացներից հեռվանան:
Վ. Մկրտչյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելու գլխավոր նպատակն այն է, որպեսզի թուլացնեն Հայրենիքի փրկության շարժումը, կոտրեն շարժման ողնաշարը:
«Բայց վստահ եմ, որ ժողովուրդը թույլ չի տա կալանավորեն նրան, նաև քննչական մարմիններում դեռ մնացել կլինեն բանիմաց իրավաբաններ, որոնք այս իշխանությանը խամաճիկը չեն դարձել»,- ասաց քաղաքական գործիչը:
Վ. Մկրտչյանի խոսքով, իշխանությունները հրահրում են բախումներ, սակայն իրենք թույլ չեն տա, պետք է սահմանադրական ճանապարհով վռնդեն այս ապիկար իշխանություններին:
«Եթե սրանք դավաճաններ չեն, գործարքների չեն գնացել այլ ուժային կենտրոնների հետ, պետք է հանգուցալուծման գային դեռ վաղուց հրաժարականներով կամ որևէ կոմպրոմիսային լուծումներով: Կարծես ոչինչ չի եղել, մենք 10 հազար քառակուսի կիլոմետր չենք կորցրել, թուրքը չի եկել Որոտանի ու Շուռնուխի հատվածում կանգնել»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։
Նա այսօր կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ նրան մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, ովքեր կշարունակեն Փաշինյանին հեռացնելու պայքարը. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության
- Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան