Անհայտ անձը Շվեդիայում դանակահարել է ութ մարդու
Չորեքշաբթի օրը անհայտ անձի հարձակման արդյունքում դանակահարվել են Շվեդիայի հարավում գտնվող Վետլանդա քաղաքի ութ բնակիչներ: Հարձակվողը բերման է ենթարկվել: Ոստիկանությունը գործ է հարուցել սպանության փորձի հատկանիշներով և հետաքննում է հարձակվողի հավանական ահաբեկչական դրդապատճառները: Հարձակվողը հիվանդանոցում է, քանի որ վիրավորվել է ձերբակալման ժամանակ: Այս մասին գրում է Euronews-ը։
Քաղաքային խորհրդի անդամ Յան Յոհանսոնը նշել է, որ քաղաքում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է:
«Ես չեմ հավատում իմ աչքերին, դա այնքան սարսափելի է: Ես ցնցված եմ։ Իմ ծանոթները զանգահարեցին ինձ և ասացին, որ վախենում են տնից դուրս գալ գործի: Դա նորմալ չէ»,-ասել է Յոհանսոնը:
Ութ տուժածները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը շրջափակել է հանցագործության հետ կապված հինգ վայրերը: