Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է
Վերաքննիչ դատարանի շենքի բակն այս պահին մարդաշատ է։ Այստեղ քննվում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու մասին փաստաբանների դիմումը։
Փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Արա Սաղաթելյանին կալանքի տակ պահելու որևէ պայման չկա, նա որևէ հանցագործության հետ առնչություն չունի։
«Նման պայմաններում նրան կալանավորելն անօրինական է»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Նա հույս ունի, այն մարդիկ ովքեր առնչություն են ունեցել այդ անօրինականությունների հետ, պատասխան են տալու։
«Դատարանից ակնկալիքներս նույնն են, ինչպես Հայաստանի ազատ ու անկախ յուրաքանչյուր դատարանից։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև գործն այնքան անհիմն է, Արա Սաղաթելյանին կալանավորելն այնքան ապօրինի է, որ իրավաբանության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող մեկը փաստերը նայելիս, կգա նման եզրահանգման։ Դրա մասին է խոսում նաև այն, որ նույն գործով ձերբակալվել է չորս անձ ու ունենք տարբեր դատական ակտեր»,-ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ հիշեցնելով, որ փաստական նույն հենքով, ըստ մամուլի հրապարակումների, դատական ակտերը տարբեր են։
Նա վկայակոչելով նաև Վարագյանի գրառումը՝ դատավորին զանգելու կալանք պահանջելու վերաբերյալ, Միհրան Պողոսյանն ընդգծեց, խոսք չի կարող լինել այն մասին, որ օրինականության շրջանակում գործող որևէ դատարան կարող է Արա Սաղաթելյանին կալանքի տակ պահել։
«Ուստի իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ դիմել են նախաքննական մարմին՝ դատական նիստին ապահովել Արա Սաղաթելյանի ներկայությունը։
Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով, հնարավոր է ասօրվա դատական նիստին չներկայանան դատախազները՝ հասկանալով, թե ինչ պատասխանատվության են ենթարկվելու այն պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել այս օրինականություններին։
Ինչ վերաբերում է նրան ազատ արձակելու պահանջով հավաքված մի քանի հազար ստորագրություններին, ապա Պողոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նրան կալանավորելն անօրինական է, իսկ ստորագրությունները հաշվի կառնվեն այն պարագայում, եթե հաստատվի, որ պարոն Սաղաթելյանը որևէ առնչություն ունի այդ հանցագործության հետ, բայց այդքան մարդ երաշխավորել է նրա պատշաճ վարքագիծն ու քննությունից չթաքնվելը։
«Չեմ կարծում, որ դատարանի վրա այն մեծ ազդեցություն կունենա, դա քաղաքացիների նախաձեռնություն է, մենք դա օգտագործելու ենք, բայց այն չի լինելու մեր պնդումների հիմնական մեխը»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:
Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:
Արա Սաղաթելյանին մեղադրում են ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով:
Արա Սաղաթելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու դատարանի որոշումը կայացվել է քաղաքական ճնշման ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը. Մալյան
- Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին
- Արա Սաղաթելյանի հետ ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը հանվել է. Պաշտպան
- Կեղծ հաշիվներից մինչև մոնտաժված հոլովակներ․ ինչպես Արա Սաղաթելյանը դարձավ քաղբանտարկյալ
- «Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
- Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Գեղամ Մանուկյանը՝ Արա Սաղաթելյանի կալանավորման մասին. Ո՞վ կարող է կալանավորել թուրքի թշնամուն
- «Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին»