Վայոց Ձորի փոխմարզպետը հրաժարական է տվել ու միացել ԳՇ-ի հայտարարությանը
Վայոց ձորի փոխմարզպետ գնդապետ Արայիկ Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
News.am-ի փոխանցմամբ, նրա տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, և ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու և առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ և քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։
Ես՝ որպես բանակի ձևավորման ակունքներում կանգնած զինվորական, ողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս պաշտպանության և հզորացման գործին՝ նախ որպես ազատամարտիկ, այնուհետև ՀՀ Զինված ուժերի սպա՝ հպարտորեն կրելով այդ պատվավոր կոչումը։
Մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ հայտարարում եմ, որ միանում եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը և իմ զորակցությունն եմ հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։
Իմ զինակից ընկերներին, Հայոց բանակի զինծառայողներին հորդորում եմ ամուր պահել մեր հայրենի սահմանները, չկորցնել զգոնությունը և ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց գործը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականներ էին ներկայացրել ու Նիկոլ Փաշինյանի, կառավարության հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը միացել էին նաև Գեղարքունիքի ու Արմավիրի փոխմարզպետները։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի փոխմարզպետը հրաժարվում է պաշտոնից և զորակցություն հայտնում զինվորականներին
- Յուրի Խաչատուրով. ԶՈւ ԳՇ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը
- Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ազատման դիմում է գրել և միացել ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան