Հադրութցի. ՀՀ-ն սոցիալական օգնություն տրամադրում է, սակայն այն չպետք է լինի ժողովրդին լռեցնելու կամ գոհացնելու համար
Այսօր «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը հավաք և երթ անցկացրեց՝ Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին ներկայացնելով պահանջներ Ադրբեջանի կողմից Արցախի գրավված տարածքների վերաբերյալ։ Հավաքի մասնակիցները Արցախի Հադրութի շրջանի բնակիչներն են, որոնք կորցրել են իրենց տները:
Պատերազմի հետևանքով Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հավաքը մեկնարկեց Ռուսաստանի դեսպանատան մոտ։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հիմնական պահանջը հայրենիքի վերադարձն է, և ուզում են անպայման հանդիպումներ ունենալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներ, քանի որ Մինսկի խումբն է հիմնականում զբաղվում Արցախյան հարցի կարգավորմամբ։
«Մի ամսից ավելի է նամակներ ենք հղել, ընդունելություններ խնդրել, անցած անգամ էլ նորից հավաքվել ենք այստեղ, բայց մեզ չեն ընդունում: Պատճառը կուզենայինք իմանալ։ Մեր նամակներին նրանք լռությամբ են պատասխանում»,- նշեց նա։
Լ. Հայրյանն ասաց, որ իրենց հավաքների գլխավոր նպատակներից մեկն այն է, որպեսզի հադրութցիները ցաքուցրիվ չլինեն, պետք է ինչ-որ ձևով հույս տալ մարդկանց, չթողնել, որ արտագաղթեն:
«Հայաստանի իշխանություններն այստեղ էլ իրենց ադեկվատ չեն պահում, չենք տեսնում իշխանությունների համապատասխան վերաբերմունքը, հետաքրքրվածությունը։ Ճիշտ է՝ սոցիալական օգնություն տրամադրում են, ինչի համար շնորհակալ ենք, սակայն այդ օգնությունը չպետք է լինի ժողովրդին լռեցնելու կամ գոհացնելու համար։
Պետությունը պետք է ազգային պետական քաղաքականություն վարի, ինչը բացակայում է մեզանում, և այդ բացակայության արմատները շատ խորն են, մինչև սովետական ժամանակներ»,- ասաց նա։
Նրա խոսքով, Հադրութի շրջանի բնակիչների 60-70 տոկոսը այաստանում է, իսկ մնացած մասը՝ Արցախում։
Հավաքի մասնակիցները նույն պահանջներով եղան նաև ՀՀ-ում Ֆրանսիայի, ԱՄՆ դեսապանատների մոտ:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ուշքի գալ, կոչ ենք անում մեր բարեկամ Ֆրանսիա պետությանը ուշքի գալ, պարտավորությունները, որոնք ստանձնել է Մինսկի խմբին անդամակցելուց, կատարի: Հիմա խույս են տալիս իրենց պարտավորություններից: Եթե երաշխավոր էիք կանգնել, որ պատերազմական լուծում չի լինելու, թող այսօր պատասխանեն՝ ինչու եղավ պատերազմ: Նրանք չեն ուզում պատասխանել, դրա համար էլ հիմա պատճառ են բռնում, որ ընդմիջման ժամ է»,- Ֆրանսիայի դեսպանության դիմաց հայտարարեց Լ. Հայրյանը:
Ակցիային մասնակցեց նաև Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, ազատամարտիկ Վահան Բադասյան, ով նույնպես Հադրութի շրջանից է:
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն էլ ասաց որ պողպատե շերեփը փոխել են թղթի հետ:
«Ցեցը մեր տնից է, ժեխը մեր տուն է մտել: Նույն այս պիղծ իշխանության սրոտը Ղարաբաղում էր դրած: Էսօր Զանգեզուրն ենք տալիս, գիտեք»,- նշեց նա՝ դիմելով հավաքված արցախցիներին:
Հարակից հրապարակումներ`
- Հադրութցի. Ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա...
- Տարոն Տոնոյան. Այստեղ հավաքված մարդիկ ունեն այն հերոսությունն ու կամքը, որ պետք է ազատագրեն Հադրութն ու Շուշին
- ԱԳՆ. Ադրբեջանցիները փորձում են անհնար դարձնել Շուշի և Հադրութ բնակիչների վերադարձը
- Հադրութը երբեք ադրբեջանական քաղաք չի եղել․ Արփի Վանյան
- «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ-ի հայտարարությունը՝ Արցախում ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին
- Դեմոյան. Զինադադար կնքելու հիմնական պայմաններից մեկը պետք է լինի Հադրութից ադրբեջանական զինուժի դուրսբերումը
- «Հայաստան» հիմնադրամը 100-ից ավելի հադրութցիների տեղավորել է հյուրանոցներում