Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր այն մասին, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու վերականգնմանը։ Ընդ որում, խանգարում է համակարգային մակարդակով։ Նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Նա կարծում է, որ վարչապետը «Իսկանդերի» թեմայով աղմկահարույց պատմությունից հետո պետք է ներողություն խնդրի Գլխավոր շտաբից և անձամբ գեներալ Տիրան Խաչատրյանից։ Սակայն դրա փոխարեն վարչապետը Տիրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից։
Հարձակումները բանակի, գեներալների վրա երեք տարվա ընթացքում հաջորդում էին միմյանց, կրկնվում պարբերաբար։ Սա, ըստ Քոչարյանի, պատերազմում պարտության պատճառներից մեկն է. իշխանության քայլերը պետք է կանխատեսելի ու հասկանալի լինեն։
«Նման ռեժիմով անհնար է երկիր կառավարել։ Գլխավոր շտաբի դեպքը փաստում է երկրում տիրող անհույս վիճակի մասին»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրությունը նախագահ Արմեն Սարգսյանին գործողությունների երեք տարբերակ է առաջարկում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման հարցով։
Առաջին տարբերակն այն է, որ նախագահը համաձայնվում է Փաշինյանի առաջարկին և ստորագրում այն, իսկ երկրորդը` նախագահը չի ստորագրում հրամանագիրը, բայց այն ուժի մեջ է մտնում, երրորդը` իրավական դաշտում է փորձում լուծում գտնել։
Ըստ Քոչարյանի` ստացվում է, որ առաջին երկու տարբերակի դեպքում էլ նախագահը համաձայնվում է վարչապետի որոշման հետ։
Քոչարյանը կարծում է, որ նախագահը պետք է կողմնորոշվի` ի վերջո կո՞ղմ է, թե դեմ. որևէ խոչընդոտ չկա, որպեսզի նախագահն արտահայտի իր հստակ տեսակետը։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. Ռոբերտ Քոչարյան
Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հայ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ենթադրում է` գեներալները չեն ուզում, որ անգամ իրենց ամենափոքր գործողությունն ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ։
«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,–ասել է Քոչարյանը։
Նախկին նախագահն ընդգծել է` չէր ցանկանա, որ իր խոսքերն ընկալվեն որպես ինչ-որ մեկին որևէ տեղ ներքաշելու փորձ: Իր կարծիքը, ինչպես նշել է նա, զուտ վերլուծական հիմնավորում է։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»
- Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան