Մենք այսօր իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
«Մենք այսօր իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները, ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը և հընթացս կավելացնենք մահճակալների թիվը»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի դեպքերի թվի աճի ցուցանիշները:
Նա հայտարարեց, որ արձանագրվում է հիվանդացության ծավալների աճ և նախորդ օրվա դրությամբ 2922 հետազոտությունից 491 դրական դեպք է արձանագրվել, որը հետազոտվածների 16 տոկոսն է:
Նախարարը նկատեց, որ եթե հունվար-փետրվար ամիսներին կար թեստավորվածների միջինը 5-7 տոկոս դրական դեպքեր, ապա այսօր 16 տոկոս է և կանխատեսեց, որ այդ թիվը հաջորդ շաբաթվա ընթացքում կավելանա:
Շեշտելով որ, պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցների խիստ պահպանմանը՝ առողջապահության նախարարը հայտարարեց. «Եթե ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, մեզ՝ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է պաշտպանենք մեզ, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը»:
Նախարարի կանխատեսումներով մարտի 8-ին տեղի է ունենալու շարժի ավելացում և իրավապահ մարմինները պետք է ուժեղացնեն հսկողությունը հասարակական վայրերում:
Նա նաև հորդորեց դիմակներ կրել նաև նրանց, ովքեր վարակվել և առողջացել են, քանի որ հաստատված չէ պնդումը, թե նրանք չեն կարող վարակվել նոր շտամներով:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ պատասխանատու կառույցների հետ քննարկում կանեն և կսկսեն ուժեղացնել միջացառումները:
Անդրադառնալով պատվաստանյութերի խնդրին՝ Ավանեսյանը հայտնեց, որ դրանց ստացման պրոցեսում որաշակի ընդհանուր դանդաղում կա, բայց իրենք գործընկեր երկրների հետ փորձում են ճնշում բանեցնել, որպեսզի դրանց հասանելիությունը զարգացող երկրների համար բարձարցվի և հույս հայտնեց, որ գարնանը կունենան պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
«Ռուսական կողմի հետ էլ առաջին խմբաքանակի հետ կապված բանակցություններն ավարտված են, պայմանագիրը կնքման փուլում է և ակնկալում ենք առաջիկա ամսին այդ խմբաքանակի ներկրումը»,- հայտնեց Ավանեսյանը: