Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներն ասուլիսի ժամանակ խոսել են արցախյան խնդրից
Մարտի 3-ին Թուրքիայում կայացել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը: Հանդիպման ավարտին նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Զալկալիանին նշել է, որ Թուրքիան Վրաստանի աջակիցն է ու հիմնական ռազմավարական գործընկերը:
Նրա խոսքով՝ հանդիպմանը թուրք գործընկերոջ հետ ընդգծել են Վրաստան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական հարմագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Ըստ Զալկալիանիի՝ Վրաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր մարտահրավերներ համավարակի հաղթահարման, ինչպես նաև տնտեսական վերականգնման առումով: Նա Թուրքիային շնորհակալություն է հայտնել համավարակի ընթացքում Վրաստանին ցուցաբերված օգնության համար:
Անդրադառնալով թուրք-վրացական հարաբերությունների 100-ամյա տարեդարձին՝ Զալկալիանին ասել է. «100 տարի է անցել, ինչ սկսվել է մեր դիվանագիտական հարաբերություննները։ Դա ցույց է տալիս, թե որքան ամուր են մեր հարաբերությունները:
Վրաստանի ԱԳ նախարարը խոսել է նաև հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման մեկնարկի և բիզնես կապերի զարգացման նախաձեռնության մասին։
«Մենք մեր հարևաններին առաջարկում ենք Թբիլիսին որպես երկխոսության հարթակ։ Մասնավորապես, առաջարկում ենք սկսել հարաբերությունների կարգավորում, տնտեսության, բիզնեսի և մշակույթի զարգացման վերաբերյալ կողմնորոշման գործընթաց», - ասել է արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ երեք երկրները պետք է իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին։
Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ վճռականորեն աջակցում են Վրաստանի տարածքային և սահմանային ամբողջականությանը:
Թուրքիայի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել արցախյան հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
«Առաջիկա ժամանակահատվածի համար «3 գումարած 3» ձևաչափով առաջարկ է եկել Ադրբեջանից, մենք դրան աջակցում ենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանը որոշ ռեզերվներ ունի, բայց ամեն դեպքում Թուրքիան շարունակելու է մեծացնել աջակցությունը տարածաշրջանային մեխանիզմներին և համագործակցությանը, որի մեջ է նաև Վրաստանը»,-ասել է նա:
Չավուշօղլուն պնդել է, որ նպատակ կա տարածաշրջանում խաղաղության, բարօրության և կայունության հաստատման համար, ինչպես նաև մի շարք ոլորտներում, ինչպիսիք են լոգիստիկան, առևտուրն ու էներգետիկան, վստահությունը բարձրացնելու միտված քայլեր ձեռնակել:
«Մենք աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան կապերի հետագա ամրապնդմանը, և, այդպիսով, մենք միշտ հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների ավելի ամրապնդման և անդամակցության գործընթացի վերաբերյալ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»,-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան