Ռոբերտ Քոչարյան. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»
«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղյան 44–օրյա պատերազմում պարտությունը ծրագրված էր Հայաստանի իշխանությունների կողմից»։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի և մարդկանց այլ խմբերի մոտ»,–ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով ՝ առաջացած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որևէ բացատրություն չկա։
«Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որևէ բացատրություն տալ։ Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)»,–հարցեր է հնչեցրել ՀՀ երկորրդ նախագահը։
Նա նշել է, որ դրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ Այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տալ։
«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»,–նշել է նա։
Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, թե ինչու են պատերազմից առաջ շատ փորձառու գեներալներ պաշտոնանկ արվել։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր կայացել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա պատասխանել է Հայաստանում ընթացիկ ներքաղաքական զարգացումները լուսաբանող ռուսաստանցի լրագրողների հարցերին։
Մամուլի ասուլիսին մասնակցել են դաշնային և լայն մասսայականություն վայելող այլ ռուսական հեռուստաալիքներ, մասնավորապես՝ Առաջին ալիքը, «Ռոսիա» հեռուստաալիքը, ՆՏՎ-ն, «ՌԵՆ ԹիՎԻ»-ն, ՌԲԿ-ն, «Դոժդը», ինչպես նաև Ռուսաստանի մի շարք խոշորագույն լրատվական գործակալությունները, այնպիսիք, ինչպիսիք են Russia Today-ը, «Սպուտնիկը», ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, «Ռիա Նովոստին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան