Եթե միայն ռեկտորի հարցն է կարևոր, ապա բանավեճը դառնալու է աննպատակ. Սոֆյա Հովսեփյան
«Այս օրենքը քննարկելիս կարծես միայն մի կետ է բոլորին հետաքրքրում՝ բուհի ռեկտորի ընտրության հարցը։ Կարծես ուրիշ թեմա չկա»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով քննարկվող Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին։
Նրա խոսքով, որևէ մեկին չի հետաքրքրում, թե այդ մեծ օրենքում արդյո՞ք կան բովանդակային կետեր, որոնք փոխվել են։
«Մենք միշտ գնում ենք դեպի ռեկտորի ընտրության հարց, բայց բավականին խնդրահարույց կետեր կան, որ դրական փոփոխության են ենթարկվել։ Եթե միայն ռեկտորի հարցն է կարևոր, ապա բանավեճը դառնալու է աննպատակ ու շատ երկար։ Միգուցե գա օր, և մենք տեսնենք, որ սա օրենքի վատագույն տարբերակն է։ Վերջապես փոփոխությունն էլ է հնարավորություն, եկեք տանք հնարավորություն, թող օրենքն իր դրական կետերով գործի։ Հիմա մեր կատարած մյուս դրական փոփոխությունները տուժում են, ինչ է ռեկտորի ընտրության տարբերակի հարցում կա բանավեճ»,- նկատեց պատգամավորը։
Նա ասաց, որ պետք է քննարկել և ուսանողին ցույց տալ՝ ինչ դրական փոփոխություններ կան նախագծում, ինչ արդյունավետ լուծումեր են առաջարկվում։
Հակառակ դեպքում, ըստ Սոֆյա Հովսեփյանի, այս քննարկումները նմանվում են 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ առաջացած քննարկումներին, երբ բոլորը խոսում էին միայն Սերժ Սարգսյանի «վերարտադրման» մասին, մինչդեռ նախագծում բազում «ականներ» կային թաքնված։
«Մենք անգամ չենք խոսում գիտության վերաբերյալ վերաբերմունքի փոփոխությունից։ Երեկ այստեղից խոսվեց, որ գիտության նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք պետք է լինի, բայց մենք չենք խոսում այդ հարցից։ Միայն ռեկտորներն են մեզ հուզում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով նախատեսվում է, որ ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և ընտրված ռեկտորը հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ռեկտորն ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում։
Բացի այդ, առաջարկվում է հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը։ Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան