«Վրեժի ծարավը թույն է». ինչի պետք է սպասի Փաշինյանը, եթե Քոչարյանն իշխանության գա
Ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վրեժխնդրության մասին նույնիսկ չի մտածում: Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Նախկին նախագահին հարցրել են, թե ինչ պետք է սպասի Փաշինյանը, եթե ինքը՝ Քոչարյանը, իշխանության գա։ Նա հայտարարել է, որ իր կյանքի ընթացքում երբեք չի առաջնորդվել վրեժի սկզբունքներով։
«Վրեժն իրականում թույլ և թերարժեք մարդկանց ուղին է։ Այդ առումով շատ դիպուկ են Նելսոն Մանդելայի խոսքերը․ «Վրեժի ծարավը թույն է, որը խմում ես, մտածելով, թե այդ թույնը քո թշնամիներին է սպանում»»,-ասել է Քոչարյանը։
Նա ավելացրել է, որ հավակնում է մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել։ ՀՀ նախկին նախագահն իր մեջ երկիրը ղեկավարելու համար բավականաչափ փորձ է զգում և պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ընդդիմության և զինվորականների պահանջները:
Միաժամանակ նա կարծում է, որ Հայաստանին մեկ տարի ժամկետով անցումային շրջան է հարկավոր։
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ ներկայիս իշխանությունը չի ուզում «Մարտի 1»-ի գործն ավարտին հասցնել։
Հայաստանի իշխանությունները ռազմական դրության ռեժիմը չեն վերացնում, որպեսզի թույլ չտան իրենց անվստահության քվե հայտնեն։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մարտի 1-ի դեպքը «մակական խաղեր» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում։ Արդեն մեկ տարի է, որ արտակարգ դրության պայմաններում ենք ապրում։ Արդեն 4 ամիս է, ինչ պատերազմը դադարեցվել է, իսկ ռազմական դրությունը գործում է։ Ռազմական դրության ռեժիմը պահպանելու ողջ իմաստն այն է, որպեսզի իշխանությանն անվստահություն չհայտնեն»,–ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի հարցով իր դեմ հարուցված քրգործին, երկրորդ նախագահը նշեց, որ իշխանությունը չի ուզում քրգործն ավարտին հասցնել, այլ փորձում են այն 7-8 տարի ձգձգել։
Նրա խոսքով` ո՛չ ինքը, ո՛չ էլ փաստաբանները չեն հասկանում իրեն վերագրվող մեղադրանքի` Սահմանադրական կարգի տապալման և 2008-ին իր կողմից հայտարարված արտակարգ դրության կապը։
«Ես մինչև հիմա ինձ վերագրվող մեղադրանքի էությունն այդպես էլ չեմ հասկացել»,–ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ զանգվածային անկարգություններ են եղել, որոնց ժամանակ նաև մեծ թվով ոստիկաններ են տուժել։
2008 թվականին, ՀՀ նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր հարցաքննության` որպես վկա։ 2018թ.-ի հուլիսի 26-ին, հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորվեց: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Քոչարյանը գործը շինծու է համարում և հայտարարում է քաղաքական հետապնդման մասին։
Ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը». պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ ՀՀԿ-ն կառավարման հարցում սխալներ թույլ է տվել, սակայն «թավշյա հեղափոխությունն» առաջին հերթին պայմանավորված է եղել այլ գործոններով։
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն էլ աջակցում է: Այլ ձևաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել։
«Առայժմ մենք նման քննարկումներ չենք ունեցել։ Բոլոր կուսակցությունների հետ այդպիսի քննարկումներից զերծ եմ մնում, որպեսզի չընկալվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեղավորներից մեկն է՝ Քոչարյանը ձեռնպահ մնաց գնահատականներից։
«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար 2018-ի իրադարձություններն անհասկանալի են։ Չէի կարծում, որ մեր ժողովրդին հնարավոր է այդպես մանիպուլացնել։ Որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ ազդել հայ հասարակության վրա»,-ասաց Քոչարյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, ինքը քննադատել է ՀՀԿ-ն այն ժամանակ, երբ այն իշխող կուսակցությունն էր։
«Կային խնդիրներ, որոնք հանգեցրին այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաև տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղկացուցչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,-նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք նաև, որ 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքով Հայաստանը 2016թ.–ի ապրիլի 9-ին կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: 2008թ.–ից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը 2018–ի ապրիլի 17–ին ընտրվեց վարչապետ։ Դրան հաջորդեցին արդեն «թավշյա հեղափոխության» հայտնի իրադարձությունները։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Ռոբերտ Քոչարյան
- Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
- Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»
- Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան