Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը կարծում է, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից անմիջապես հետո իշխանությունը պետք է ներողություն խնդրեր ժողովրդից և հրաժարական տար: Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
«Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա նրանք պետք է ինքնասպանություն գործեին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո»,- ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեզ, իհարկե, հայտարարությունը դուր չի գալիս։ Բայց լավ համաձայնագիր ունենալու համար պետք է հաղթել պատերազմում կամ էլ գոնե չպարտվել։ Բայց մենք ունեցանք 1.5 էջանոց հայտարարություն` այնինչ նման հարցերը չեն լուծվում 1.5 էջով։ Այժմ պետք է մանրամասն մշակել բազմաթիվ փաստաթղթեր»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, սակայն, իշխանությունները չեն կարող դա անել ո՛չ ինտելեկտուալ առումով, ո՛չ էլ պրոֆեսիոնալ կամ բարոյական առումներով։
Հիմա նրանք, ըստ երկրորդ նախագահի, արժանապատվորեն բանակցել չեն կարող։
Քոչարյանը նշում է` եթե իշխանությունը մտածեր երկրի մասին, ապա կգնային՝ իրենց տեղը զիջելով նրանց, ովքեր կարող են բանակցել
«Իշխանությունը նոյեմբերի 10-ին պետք է ծնկի գար, ներողություն խնդրեր ժողովրդից։ Եվ եթե արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին»,–իր խոսքն ամփոփեց Քոչարյանը։
Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան