Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան․ Փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի, մտահոգ լինելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մարմինների (վարչապետ, Զինված ուժերի շտաբ) միջև տեղի ունեցող վեճով և դրա զարգացման ոչ կառուցողական բնույթով, արձանագրելով սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանի միջոցով լուծելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է հատուկ լիազորություններով, այդ թվում՝ օժտված է սահմանադրական որոշ մարմինների միջև առաջացած վեճերը Սահմանադրական դատարանին փոխանցելու լիազորությամբ, որոնք իրականացնելիս նախագահը պետք է առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 27․02․2021թ․ հայտարարությունը, որով Զինված ուժերի շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկությունը առարկություններով վերադարձվել է՝ այն որակելով որպես Սահմանադրությանն առերևույթ հակասող, նկատի ունենալով այն, որ Հանրապետության նախագահի կողմից անգործություն դրսևորվելու պայմաններում, հնարավոր են հակասահմանադրական զարգացումներ, ինչի պատասխանատվությունը կրելու է նաև Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն Հանրապետության նախագահը դեռևս կարող է դիմել Սահմանադրական դատարան,
Կոչ ենք անում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝
- դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:
Հ.Գ. Նախագահն այս քայլով կձևավորի սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ»: