Ակնկալում եմ, որ այսօր մենք Սաղաթելյան Արային կտեսնենք ազատության մեջ. Արմեն Մինասյան
«Ակնկալիքս այն է, որ դատարանն այսօր ողջամտություն կդրսևորի, և բոլորի համար ակնհայտ շինծու այս քրեական գործի շրջանակներում կվերանայի Առաջին ատյանի դատարանի տված կալանքի սանկցիան, և այսօր մենք Սաղաթելյան Արային կտեսնենք ազատության մեջ»,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Վերքաննիչ քրեական դատարանը հրապարակում է Արա Սաղաթելյանի կալանքի որոշման դեմ փաստաբանների բերած բողոքի վերաբերյալ որոշումը։
Նա նշեց, որ օրվա իշխանությունը Արա Սաղաթելյանին մեկուսացնելու և լռեցնելու խնդիրն է լուծում։
«Թե ինչ կարող է անել պարոն Սաղաթելյանը, կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է։ Եվ նրան մեկուսացնելով՝ օրվա իշխանությունները դուռ են բացում կապիտուլյացիայի հետագա հետևանքների իրացման համար։ Խոսքն ամեն ինչի մասին է, առաջին հերթին՝ տարածքային ու մարդկային կորուստների մասին։ Մենք այսօր չունենք պետական սահմաններ։ Եվ վախենամ, որ այն, ինչ զիջեցինք Արցախում ու Սյունիքում, վերջը չէ։ Ես տվյալներ չունեմ. հարևան երկրների ախորժակը, այսօրվա իշխանության իներտ, կապիտուլյանտ կեցվածքն են հանգեցնում այս մտքին»,- նկատեց նա։
Արմեն Մինասյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը կմնա իր բարձրության վրա ու կիրականացնի իր առաքելությունը, այն է՝ օբյեկտիվ դատաքննություն։