Սյունիքում Ադրբեջանի դրոշակների ու ցուցանակների տեղադրումը պատրվակ է թշնամու զինուժի տեղաշարժի համար. Թաթոյան
Հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման գործընթացում խախտվում է տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեության իրավունքը: Ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան՝ ներկայացնելով տարբեր օրինակներ:
Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի վարչական տարածքում 200 հեկտար հողակտոր կառավարության որոշմամբ ու ՀՀ պետական սահմանի մասին օրենքի հիման վրա հատկացվել էր կազմակերպությանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, դրանից 75 հեկտարի վրա կազմակերպությունն, իր պնդմամբ, իրականացրել է 5 միլիոն դոլարից ավելի ներդրում:
«Հիմա այդ տարածքի 75 հեկտարի վրա Ադրբեջանի զինված ուժերն են ֆիզիկապես գտնվում, որը զրկել է տարածքի մյուս մասն օգտագործելու հնարավորությունից, նաև արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից»,- ասաց Ա. Թաթոյանը:
Նա տեղեկացրեց, որ այս գործն ուղարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչին միջպետական գանգատի գործում ներառելու համար:
Սահմանների որոշման գործընթացում, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, առաջացել է նաև ջրային ռեսուրսներից օգտվելու անհնարինություն: Այս առումով խնդիրներ կան Գեղարքունիքում՝ կապված Քարվաճառի հետ:
Ա.Թաթոյանի խոսքով, ամենակարևոր խնդիրը Մեղրի համայնքում է, Մեղրի գետը գերթե 90 տոկոսով ապահովում էր համայնքի բնակիչների կարիքները:
«Ջրային պաշարներից օգտվելու իրավունքը ՄԱԿ-ի հազարամյակների, գլոբալ կայուն զարգացման նպատակներից է: Հիմա սա լրջագույն խնդիրներ է առաջացրել խաղաղ բնակչության համար»,- ասաց Թաթոյանը:
Նա խնդրահարույց է համարում նաև Հայաստանի, հատկապես Սյունիքի մարզի խաղաղ բնակիչների, առաջին հերթին երեխաների համար, բնակավայրերն իրար կապող ճանապարհների վրա ադրբեջանական զինված զառայողների հայտնվելը:
«Սա պետք է նայենք Ադրբեջանի կողմից վարվող խորքային էթնիկ ատելության քաղաքականության համատեքստում»,- ընդգծեց Մարդու իրավունքների պաշտպանը:
Ըստ նրա, մարդու իրավունքների հետ կապ ունի նաև Սյունիքում ադրբեջանցիների կողմից դրոշների ու ցուցանակների տեղադրումը:
«Ինձ մի քանի անգամ մեր գործընկերներն ասել են՝ դե լավ, ցուցանակն ու դրոշն ի՞նչ կապ ունեն մարդու իրավունքների հետ: Տո լավ էլ կապ ունեն, որովհետև ադրբեջանցիները դրոշակների ու ցուցանակների հարցերն օգտագործում են որպես պատրվակ ու բերում են իրենց ծառայողներին տեղակայում են այդ ցուցակների մոտ՝ իբր պահպանեն, որ հայերը չվնասեն: Ասենք՝ մնացել էր ցուցակաների համար գային ու սրբորեն պաշտպանեին: Ակնհայտ չէ՞ պատրվակ է զինվորականների տեղաշարժի համար»,- բացատրեց Արման Թաթոյանը՝ նշելով, որ գյուղերի բնակիչներն ադրբեջանական զինված ուժերի առկայության պատճառով խուսափում են մութ ժամերին գնալ բժշկի, հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. ՄԻՊ
- Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
- Ներկա «սահմանազատումը» 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով. Սարհատ Պետրոսյան
- ՄԻՊ. Ադրբեջանի զինվորականների նշված ցուցանակը տեղադրվել է բնակիչներին բացահայտ ահաբեկող եղանակով
- «Սևանա լճից մի քանի մետր այն կողմ ադրբեջանական դրոշ է»
- Ինչո՞ւ չի ստեղծվել սահմանազատման աշխատանքներն իրականացնող հանձնաժողով. բաց նամակ վարչապետին
- Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. Արմեն Գրիգորյան
- Գուգլ քարտեզի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող. ՄԻՊ
- Չեմ կարծում այս անգամ Ադրբեջանը բացառություն կանի․ մասնագետը՝ ջրային պաշարների հնարավոր թունավորման վտանգի մասին