Իրանը հերքել է իր օդային տարածքում Boeing-737 օդանավի անհետանալու մասին լուրերը
Իրանի քաղավիացիայի վարչության խոսնակը հերքել է երկրի օդային տարածքում հայկական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի անհետանալու մասին լուրերը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Մոհամմադ Հասան Զիբախշը հինգշաբթի օրը Fars News գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որն անցնում էր Իրանի օդային տարածքով, տեխնիկական խնդիրների պատճառով և օդաչուի խնդրանքով, վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում»:
Նա հավելել է, որ հայկական ավիաընկերության տեխնիկական խումբը վերականգնում է ինքնաթիռի տեխնիկական խնդիրները: Նման խնդիրների առկայության պայմաններում չպլանավորված վայրէջքը սովորական խնդիր է: Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո, ինքնաթիռները վերադառնում են իրենց նպատակակետը:
Իրանի քաղաքավիացիայի վարչության խոսնակը նշել է. «Իինքնաթիռում ուղևորներ չեն եղել»:
Վերջերս որոշ հայկական լրատվամիջոցներ տարածել էին լուրեր, թե Իրանի օդային տարածքում անհետացել է հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը:
Հարակից հրապարակումներ`
- Կա նախնական համաձայնություն Boeing-ը Թեհրանից Երևան տեղափոխելու համար
- «Հրապարակ». Տաթևիկ Ռևազյանն ընտանիքի հետ մեկնել է Մալդիվներ, իսկ քաղավիացիան հերթական սկանդալի մեջ է հայտնվում
- Քաղավիացիան գիտի «առևանգված» ինքնաթիռի տեղը