Վահե Հակոբյան. Թշնամին երրորդ երկրների կազմակերպությունների անունից հողատարածքներ է գնում Սյունիքում, անարյուն հայաթափում է անում
«Այս իշխանությունն ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի էջը փակված է համարում, նրանք կա՛մ կատարյալ հիմար են, կա՛մ դավաճան, բայց քանի որ անցած երեք տարում որևէ լավ արդյունք չի գրանցվել, ավելի ճշմարտանման է միտումնավոր դավաճանությունը։ «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Սյունիքը կարող է վաղը հանձնեն, հայկական կողմը մատը մատին չի տալիս, իսկ ադրբեջանցիները նոյեմբերի 9-ից ինժեներական աշխատանքներ են կատարում։ Նրանք երեկ ևս մեկ հենակետ են դրել։ Սրանք ասում են՝ իբր Սյունիքն անվտանգ է, բայց Կապան-Գորիս ճանապարհին ունենք ընդամենը մեկ հենակետ, իսկ ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենայով Շուռնուխի կամ Որոտանի մոտով, Գորիսը շրջանցելով, Տաթևով կարող են հասնել Երևան, նրանց որևէ հենակետում չեն կանգնեցնի, ի՞նչ անվտանգություն»,-նշել է նախկին մարզպետը։
Վահե Հակոբյանի խոսքով, թշնամին սահմանի երկայնքով հոգեբանական տեռորի մեջ է պահում սյունեցիներին, ռուս սահմանապահները չեն կարող բոլոր տեղամասերը հսկել։
«Թշնամին երրորդ երկրների կազմակերպությունների անունից հողատարածքներ է գնում Սյունիքում, անարյուն հայաթափում է անում։ Այս տեմպերով մեկ-երկու տարում կարող են ամբողջապես հայաթափել։ Սյունիքը հիմնված է եղել տուրիզմի, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության վրա։ Տուրիզմն այսօր իսպառ վերացել է, գյուղատնտեսություն չկա՝ արոտավայրերի ու հողատարածքների 80 տոկոսը մնացել է թշնամու կրակի տակ, հանքարդյունաբերությունն էլ են ուզում վերացնել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ ոտնձություններ են իրականացնում, փորձում են այդ հիմնարկը կանգնեցնել»,-նշել է նախկին մարզպետը։
Նախկին մարզպետի պնդմամբ՝ հանգամանքներն ի մի բերելիս ստացվում է, որ սա պետական դավաճանության մեծ ծրագիր է:
«Իշխանության նենգության աստիճանը տեսեք՝ Սյունիք Փաշինյանի տապալված ակցիայից հետո նա կարգադրեց այնտեղ ուղարկել ՃՈ 15 պարեկային ուղեկալ՝ քաղաքացիներին տեռորի ենթարկելու համար, ամեն մանր հարցով կանգնեցնում են, տուգանքների տակ են գցում, դա տևեց երկու ամիս։ Երբ Ավինյանը եկել էր, քաղաքապետերը հրաժարվեցին հանդիպել նրան, կտրեցին համայնքների սուբսիդավորումը։ Կապան-Գորիս ավտոճանապարհին ցանկացած մեկին կարող են գերեվարել։ Սյունեցի պատգամավորները գոնե մեկ անգամ եկե՞լ են, տեսե՞լ են՝ ինչ վիճակ է»,- ամփոփել է Վահե Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան