Ուղևորները շատ դեպքերում չեն ենթարկվում դիմակ կրելու պահանջներին. Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ
«2019 թվականին մետրոյով տեղափոխել ենք 21 մլն ուղևոր, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է 11 մլն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամականավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը, հավելելով, որ իր ղեկավարած ենթակառուցվածքը գոյության պատմության մեջ առաջին անգամ նախորդ տարի ապրիլի 1-ից մինչև մայիսի 17-ը դադարեցրել էր աշխատանքը:
Անդրադառնալով համաճարակի խնդիրներին՝ բանախոսը նշեց, որ Մետրոպոլիտենի աշխատակիցները պահպանում են սահմանափակումները և կրում դիմակներ, բայց ուղևորները շատ դեպքերում չեն ենթարկվում դիմակ կրելու պահանջներին:
Բացատրելով ուղևորների շրջանում մետրոյի աշխատանքի վերաբերյալ առկա դժգոհությունների պատճառները՝ Գևորգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ երթևեկությունը տեղի է ունենում գնացքների գրաֆիկի համաձայն և գծում դրանց առկա քանակից կախված էլ ձևավորվում է միջակայքը:
Նրա խոսքով՝ ներկայում այդ միջակայքը կազմում է 6.5 րոպե, քանի որ գծում առկա է 7 գնացք, իսկ առավոտյան և երեկոյան լրացուցիչ գնացքներ են հանվում երթուղի:
«Ինչպես մյուս մետրոներում, այնպես էլ Երևանի մետրոյում չեն բացառվում տեխնիկական անսարքությունները, որի ժամանակ լինում են գնացքների միջև միջակայքի մեծացում, ինչն էլ հանգեցնում է ուղևորների դժգոհությանը»,- նշեց Ավետիսյանը և հավաստիացրեց, որ այդ անսարքություններն արագ վերացվում են:
Բանախոսը տեղեկացրեց, որ Մետրոպոլիտենի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից և այս պահին գլխավոր գծերում աշխատում են 11 շարժակազմեր՝ 2 և 3 վագոնով, իսկ այն սարքավորումներն ու համակարգերն էլ, որոնք իրենց սպառել են ժամանակային և ֆիզիկական առումով, պետք է փոխարինվեն նորերով։
Գևորգ Ավետիսյանի խոսքով, շատ դեպքերում սարքավորումներն արտադրությունից դուրս են եկել և սպասարկող անձնակազմի համար առաջացնում են մեծ խնդիրներ։