Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
«Ողջ այս պրոբլեմը կհանգուցալուծվի մեր երկրի սահմանադրության և օրենքների շրջանակում»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, շարժման անցկացրած հանրահավաքների արդյունքում էական փոփոխություն է կատարվում, ամենաառաջաինը՝ ժողովրդի տրամադրության մեջ։
«Սկզբում իշխանությունները փորձեցին այս պայքարը վերածել նախկինների ու ներկաների կռվի, իշխանության համար աթոռակռվի, բայց մեր հանրությունն ի վերջո հասկացավ, որ խոսքը դրա մասին չէ, այլ ավելի լուրջ բանի մասին է՝ մեր երկրի գոյության ու բարօրության»,- ասաց նա։
Ըստ Արթուր Վանեցյանի, այսօր Բաղրամյան պողոտա են այցելում շատ մարդիկ, որոնց մի մասը չի աջակցում շարժմանը, բայց գալիս է՝ իր բողոքի ձայնը հնչեցնելու։
«Մենք մեր օրակարգից չենք շեղվում, մեր օրակարգը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, ժամանակավոր կառավարության ձևավորում, ապա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Թե ով է լինելու հաջորդ իշխանությունը, որոշելու է ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով»,- նշեց նա, ապա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ցույց է տվել, որ ինքը ի վիճակի չէ շարունակել մնալ ՀՀ վարչապետ։
Արթուր Վանեցյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել նաև, որ ինքը չի կարող ապահովել արդար ընտրություններ, և եթե նրա իշխանության օրոք անցկացվեն ընտրություններ, ապա դրանք չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը։
«Մեր օրակարգի մասին բոլորը տեղյակ են, մենք ամուր կանգնած ենք դրա շուրջ, և անելու ենք ամեն ինչ, որ մեր պահանջներն իրագործվեն։ Մեր գործողությունները շարունակվում են, Բաղրամյան պողոտան փակ է, մեր կողմնակիցներն այստեղ են, լինում են երթեր ու հանրահավաքներ։ Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ապա դրանք բերելու են նրան, որ Նիկոլը ստիպված հրաժարական տա հանրային ճնշման մեծացման արդյունքում»,- եզրափակեց խոսքը Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 15։00-ին հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան