Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
«Մեր թշնամին մեր հայրենիքը բզկտում է, կտոր-կտոր անում, սահմանամերձ մեր գյուղերը այլևս խոցելի են հակառակորդի համար»,- այսօր ՊՆ շենքի մոտ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և բանակին աջակցություն հայտնելու համար անցկացվող ակցիայի ընթացքում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Նա նկատեց՝ թշնամու առաջնային նպատակը Սյունիքն է, բայց նա դրանով չի բավարարվելու, անցնելու է Տավուշին, Վարդենիսին, Եղեգնաձորին։
«Այդ մահաբեր ամպը մեր երկնքում է։ Օրվա իշխանությունները որքանո՞վ են կարողանում համարժեք գնահատել ու դիմակայել այդ մարտահրավերներին։ Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ դիլետանտ կառավարման հետևանքով կնքվեց խայտառակ կապիտուլյացիոն ակտը։ Եվ միակ օղակը, որ այսօր այդ կորուստներին փորձում է դիմագրավել, զինված ուժերն է։ Օրվա իշխանությունները ցանկանում են գլխատել ԶՈւ ամբողջ հրամկազմը, և պատահական չէր ԳՇ հայտարարությունը։ Այսօր զինուժը մեր դիմագրավության միակ օջախն է»,- կարծիք հայտնեց նա։
Պահեստազորի գնդապետի խոսքով, այն, որ զգացմունքներով, դիլետանտությամբ են կատարվում նշանակումներ, ապացուցվեց, երբ ամբողջ աշխարհը հեգնում էր ՀՀ ղեկավարին՝ «Իսկանդերի» հետ կապված հայտարարության պատճառով, որևէ արձագանք չեղավ հայկական կողմից, և քավության նոխազ նշանակվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը։
«Այս մարդկանց կողմից պատասխանատու պաշտոններ ունեցող անձինք օգտագործված թաշկինակի նման դեն են նետվում։ Իրենց իշխանության ընթացքում փոխվել է ԳՇ 2 պետ, ԱԱԾ մի քանի տնօրեններ։ Եվ, այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով։ Մեր արտաքին թշնամին ներքին թշնամու հետ ձեռք ձեռքի տված փորձում է այդ դիմադրության օջախը ոչնչացնել»,- ասաց նա։
Հայկ Նահապետյանը վստահություն հայտնեց, որ այսօրվա գործող իշխանությունները պետք է հեռանան, ապա դիմելով իր զինակից ընկերներին, ասաց. «Ինքնապաշտպանություն և ազատագրում»։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին՝ երկրում ներքին վտանգ կա. Պահեստազորի փոխգնդապետ
- Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
- ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր