Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
«Չեմ կարծում, որ պարզ խնդիր է այն, որ մարդը, ով համարում է, թե ինքն այս երկրի վարչապետն է, կարող է առավոտյան վատ տրամադրությամբ արթնանալ ու ԳՇ պետին ազատել աշխատանքից։ Դա իր դուքյանը չի»,- այսօր ՊՆ շենքի մոտ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և բանակին աջակցություն հայտնելու համար անցկացվող ակցիայի ընթացքում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այս ճգնաժամը հեշտ հանգուցալուծվող չէ, և իշխանություններն էլ դժվար թե ունենան այնքան ողջամտություն, որ հասկանան, թե որն է պետական ու ազգային շահը, հատկապես այն պարագայում, երբ գրեթե բոլոր ազգային ինստիտուտները պահանջում են իրենց օր առաջ հեռացումը։
«Այս իրավիճակում ակնկալել ողջամտություն, կառուցողական գործողություններ ու քայլեր..., անձամբ ես այդ աստիճան լավատես չեմ»,- ասաց նա։
Արման Սաղաթելյանը նկատեց՝ սահմանադրությունում հստակ ամրագրված են այն երաշխիքները, որոնք ապահովում են թիվ մեկ զինվորականի հնարավոր անձեռնմխելիությունը, և ՊՆ-ի անխախտելիությունը՝ հնարավոր քաղաքական բոլոր գործողությունների հետևանքով։
«Դրանով է ԳՇ պետը տարբերվում այլ զինվորականներից, և հենց այդ պատճառով է, որ նա նշանակվում է 5 տարի ժամկետով։ Եվ սահմանադրությունը չի սահմանում բացի նշանակումից այլ գործողություն՝ կապված ԳՇ պետի հետ։ Միանշանակ է, որ կապիտուլյանտների ընտրած ճանապարհը ողջամիտ չէ՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Կրկնում եմ՝ ես լավատես չեմ։ Իշխանություններն ի վիճակի չեն գործել՝ ազգային շահերից ելնելով։ Մենք տեսնում ենք, որ երկիրը շարունակում են հանձնել»,- ասաց նա։
Արման Սաղաթելյանի խոսքով, պարտության մեղավորները ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, այլ նաև սլաքներն ուղղում են բանակի վրա, մեղավորների են կարգում, նոր քավության նոխազներ են հորինում, որ երկարաձգեն իրենց «անփառունակ» իշխանությունը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում հրահանգներ է արձակել՝ ուղղված ԳՇ պետին, Արման Սաղաթելյանն արձագանքեց՝ ասելով, որ դա պոպուլիզմի հերթական դրսևորումն էր։
«Այդ ձևով նա ուզում է իշխել։ Նա ունակ չէ կառավարել, և կարծում է, որ իր մանիպուլյացիաներով, սրան-նրան մեղադրելով կարող է պահպանել իր իշխանությունը։ Սա ուղղակի խայտառակություն է, և այս տեսակ քարոզիչները վերջին շրջանում շատ են ակտիվացել։ Նրանք մեզ փորձում են հրամցնել, որ մենք ոչ թե խայտառակ ձևով տապալել ենք դիվանագիտական հարաբերությունները, բանակցությունները..., զորակոչը, այլ տարբեր քարոզիչների միջոցով ասում են՝ դե Արցախն ինչներիս էր պետք, այն մերը չէր..., և այսպես շարունակ։ Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ»,- ասաց նա։