Գերմանիան Ադրբեջանից կաշառքի գործով անձեռնմխելիությունից զրկել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցող Ֆիշերին
Գերմանիայի Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել է Ակսել Ֆիշերին՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) իշխող կոալիցիայի անդամին՝ քննիչներին խուզարկություններ և առգրավումներ կատարելու իրավունք տալով՝ Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու քրեական գործով։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն:
Անձեռնմխելիությունը չեղյալ համարելու մասին բանաձևն ընդունվել է միաձայն՝ հետևելով Մյունխենի գլխավոր դատախազության և Արդարադատության դաշնային նախարարության համապատասխան առաջարկություններին: Ասվում է, որ որոշումը կապված է Ֆիշերի՝ հօգուտ Ադրբեջանի իշխանությունների հնարավոր լոբբիստական գործունեության հետ:
Մյունխենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է՝ կաշառք ստանալու մեջ կասկածելու համար: Ըստ տեղեկությունների՝ խուզարկություններ են իրականացվել Բադեն-Վյուրթեմբերգում և Բեռլինում, մասնավորապես՝ Բունդեսթագի տեղական գրասենյակում և բնակելի տարածքներում: Գործողությանը մասնակցել են դատախազության և քրեական գործերի դաշնային գրասենյակի շուրջ 60 աշխատակիցներ:
Խուզարկություններին նախորդում էին լայնամասշտաբ քննչական գործողություններն ընդդեմ Բունդեսթագի նախկին և ներկա պատգամավորների, ովքեր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) գերմանական պատվիրակության կազմում էին և մեղադրվում են Ադրբեջանի իշխանություններից լոբբինգի ու նաև հակահայկական գործունեության համար կաշառք վերցնելու մեջ:
«Ի թիվս այլնի, նրանք մեղադրվում են բալթյան բանկերում հաշիվներ ունեցող բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով 2008-2016 թվականների ընթացքում Ադրբեջանից գումար ստանալու մեջ», - ասվում է դատախազության հայտարարության մեջ: Ըստ դատախազության, այդ միջոցների ստացման դիմաց նրանք պարտավորվել են աջակցել ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների պահանջներին՝ բանաձևերի ներկայացման ու քվեարկությունների ժամանակ։
Թրանսփարենսի ինթերնեշնլ միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական մասնաճյուղը ողջունել է Բունդեսթագում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասշտաբային հետաքննությունները, որոնցում ներգրավված է ոչ միայն Ակսել Ֆիշերը:
«Transparency Deutschland»-ի նախագահ Հարթմութ Բյոմերը հիշեցրել է, որ 2019-ի մարտին կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ գերմանացի խորհրդարանականներ Կարին Շտրենցի և Էդուարդ Լինտների՝ մեղադրելով նրանց կաշառք ստանալու մեջ:
Հիշեցնենք, որ երկար տարիներ Ադրբեջանի իշխանությունները կաշառում էին ԵԽԽՎ-ում պատգամավորների՝ իսպանացի, իտալացի, բրիտանացի, գերմանացի և այլն, որի առանցքային նպատակն էր հակահայկական բանաձևերի ներկայացումը, ընդունումը, նաև Ադրբեջանի դեմ բանաձևերի չեզոքացումը, որոնցից ամենահայտնին է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին զեկույցի տապալումը։ Այս ամենը տեղ է գտնել «Խավիարային դիվանագիտության» զեկույցներում։ Ֆիշերը եղել է նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող։
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանական լվացքատուն»․ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Վոլոնտեն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
- Միլանում մեկնարկել է Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ ներառված Լուկա Վոլոնտեի դատավարությունը
- ԵԽԽՎ-ում կոռուպցիան ու Լուկա Վոլոնտեի հետ կապված սկանդալը ԵԺԿ թեժ քննարկման առարկա
- The Economist. Ալիևը «խավիարային դիվանագիտության»-ը փոխարինող է գտել
- Corriere della Sera. «Խավիարային դիվանագիտությունը» վարակում է Եվրոպական Խորհրդարա՞նը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան