Վահե Հովհաննիսյան. Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։
Մաս 1. Կառավարության հրապարակը
Հավաքվածների թիվն էական չէ։ Պատկերը լավատեսության տեղ չի թողնում. ավտոբուսներով մարզերից ներկրված մեր հայրենակիցներ՝ արևածաղկի տոպրակներով, քաղաք եկածի խանդավառությամբ, իր և ընդհանուր իրավիճակի ակնհայտ անադեկվատ ընկալմամբ։ Նրանցից ոմանք տեսախցիկների առաջ տեքստեր էին ասում, ավելի շատերը՝ խորիմաստ չրթում ու աջակցում իրենց այստեղ բերածին։ Նրանց աշխարհընկալման մեջ պատերազմ չի եղել, սամռկեցուցիչ քանակի զոհեր ու վիրավորներ չեն եղել, թուրքը չի մտել մեր գյուղերն ու քաղաքները, թուրքը չի պատրաստվում մտնել Սյունիք ու Վայոց Ձոր։
Եթե շատ անհարմար հարցեր տաս, կսկսեն պաշտպանել իրենց այս հրապարակ բերողին՝ ավելի սահմռկեցուցիչ ձևակերպումներով՝«լավ ա սենց, քան թե..»։
Պետք է պայմանավորվել մի բան՝ այս հրապարակին չի կարելի վիրավորել, անվանարկել, նրանք մեր քաղաքացիներն են, ունեն հավասար ձայնի իրավունք, բայց այս հրապարակից պետք է սարսափել՝ հենց նույն պատճառով։Սա Չպետության քաղաքացիներն են։
Զուտ մեխանիզմի առումով պետք է արձանագրենք փաստը՝ պետական մեքենան կարողանում է բերել-լցնել հրապարակ։ Նա ունի այդ ռեսուրսը։ 2018-ին, երբ երկիրը «մերժում էր Սերժին», ես հոդված հրապարակեցի՝« Չի լինում մեկ մեղավոր», ու փորձում էի ապացուցել, որ 10 հազար վերցնող ու քվեարկող զանգվածը, եթե մի օր փողոց է փակում, չի դառնում հպարտ կամ կրթված։ Ամենևին։ 2021-ի մարտի 1-ին դրանում, կարծում եմ, համոզվեցինք։ Եթե վաղը լինեն ուրիշ մարզպետներ, ուրիշ քաղաքական ուժ, հրապարակ ուրիշ հրավիրող, ապա նույն թիվը և որակը հանգիստ կապահովվի, այդ թվում՝ նույն մարդկանցով։Սա խնդիր է։
Ի դեպ, նույնը վերաբերում է հրապարակի մյուս որակներին, օրինակ՝ առաջին շարքերում կանգնած «գաղափարական 10 տոկոսին»։ Ցանկացած իշխանություն ունի այդ թիվը՝ նվիրվածներ, անձնական շահերով փոխկապակցվածներ, անձնական այլ մոտիվացիաներով կապեր և այլն։
Քանի որ Հայաստանում ընտանեկան, կլանային, ցեղային կապերի համակարգմ առանցքային է, ապա ցանկացած իշխանություն դա կարող է աշխատեցնել։
Եթե հարցնես հրապարակին՝ ինչո՞ւ եք հավաքվել, 80 տոկոսը կապակցված պատասխան չի կարող տալ։ Եվ նույնը եղել է բոլոր ընտրությունների ժամանակ, երբ ուղղորդվող քվեարկողները չեն կարողանում բացատրել իրենց ընտրությունը։
Հեռանկարի առումով, իհարկե, ողբերգություն է, որ հրապարակ տարհանվածների մեջ կային շատ ուսուցիչներ։ Բայց պետական մեքենան անողոք է՝ դպրոց, պոլիկլինիկա, նախարարություններ, մարզպետարաններ և այլն։ Պետական մեքենան 30 տարիների ընթացքում երբեք չի ձգտել այդ համակարգերում մարդ տեսնել, մարդ զարգացնել, մարդ խրախուսել։
Մաս 2. Հրապարակի հարթակ
Հարթակը պետք է բաժանել երեք մասի. ա/ Փաշինյան, բ/ անհույս-վերջացած դեմքեր, գ/ մարդիկ, ովքեր հարցեր են առաջացնում։
Փաշինյանի կորուստներն արդեն ոչ թե քաղաքական դաշտում են, այլ՝ զուտ մարդկային։ Ողջ գիտակից քաղաքական ճանապարհը մարտի 1-ով սկսած և դրա վրա կառուցած մարդը մարտի 1-ին բերովի, «սեմուշկով հանրահավաք» է անում։ Որպես մարդ նա արդեն իսկ վերջանում է։ Ինքը չի հարգում ո´չ մարտի 1-ի ողբերգությունը, ո´չ մարտի 1-ի զոհերին, ոչ էլ ինքն իրեն։
Փաշինյանն ուներ մեկ մոտիվացիա՝ վախը, և վախից հավաքել էր հազարավոր մարդկանց։ Այդ միջավայրում նա իրեն անվտանգ է զգում։ Փաշինյանն իր գլխի մեջ այլևս ունի մեկ խնդիր՝ անձնական անվտանգությունը։ Եվ այդ խնդրին հասնելու համար նա պատրաստ է ամեն գնով պահել իշխանությունը՝ պետությունը քանդելու գնով, Սյունիքը կորցնելու, դիպուկահարներով շրջելու, սեփական ընտանիքի անդամների կյանքը թունավորելու, քաղաքացիական բախումներ հրահրելու և այլ ցանկացած գնով։
Հենց այդ պատճառով ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության անունից նրան պետք է տրվեն անձնական անվտանգության երաշխիքներ՝ բանակի, նախագահի, նախկին նախագահների, միասնական ընդդիմության, եկեղեցու, բակի տղերքի և այլն, համատեղ արձանագրված երաշխիքներ՝ արագ և խաղաղ հեռանալու դեպքում։
Սա շատ կարևոր է պետության համար և ընդհանուր լարվածության լիցքաթափման առումով։ Սա շատ կարևոր է ԱԺ մեծամասնության և նրա թիմակիցների համար։ Այս մարդիկ նույնպես ապրում են իռացիոնալ վախերի մեջ։ Չի կարելի 24 ժամ նրանց դավաճան ու գործակալ կոչել, սպառնալ դատերով ու հետո զարմանալ, թե ինչու չեն լքում խմբակցությունը։
Այն, որ Հայաստանում կան դավաճաններ և թուրքական գործակալներ, շատ հավանական է, բայց այդ գաղափարը ամեն րոպե շահարկելու դեպքում մենք բոլորս կհայտնվենք քաղաքական ծուղակում։
Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթին, ապա եթե հաջորդ օրը հարցնես, թե ինչ ասաց, ոչ ոք չի կարող պատասխանել։ Ընդհանրապես, նրա ելույթներին այլևս միայն այդպես պետք է վերաբերվել՝ երբ ինչ ուզի կասի, հաջորդ օրը չի հիշի, կասի լրիվ հակառակը։ Այդ մարդը լրիվ ուրիշ ապրումների մեջ է, որոնք ոչ մի կապ չունեն պետության և պետական կառավարման խնդիրների հետ։
Հրապարակի հարթակի մյուս շերտն անհույս-վերջացած դեմքերն են։ Նրանք կամ ի ծնե ի վիճակի չեն ինքնուրույն մտածել և ինքնուրույն ապրել և փարավոնի ստրուկի նման Փաշինյանի հետ վերջանալու են , կամ այս իշխանության հետ կապված են կոռուպցիոն և այլ տիպի հանցագործություններով ու լուծում են շատ կոնկրետ խնդիրներ՝ թալանել և չբռնվել։
Հրապարակի հարթակի երրորդ շերտը, ըստ իս, ամենակարևորն է ու ֆունկցիոնալ իմաստով միակ հետաքրքրություն ներկայացնողը։ Իմ կողմից կարևորված հանդուրժողականությունը հիմնականում վերաբերում է հենց նրանց։ Բայց մենք այդ հանդուրժողականությունը պետք է միասին կառուցենք։
Դա միակողմանի չի կառուցվի։ Եթե նրանք լուռ ու մունջ կանգնելու են Նիկոլի հարթակում, այսքանից հետո լուռ ու մունջ լսելու են նրա վտանգավոր անհեթեթությունները, ժամանակ առ ժամանակ ծափ են տալու ու չեն հարցնելու՝ «բայց հեղափոխություն անում էինք «հպարտ քաղաքացիներ» կարգախոսով, հիմա ինչո՞ւ ենք պետական մեքենայով, օլիգարխներով ու կրիմինալով միտինգ հավաքում», դժվար է լինելու իրար հասկանալը։
Եթե նրանք այսքանից հետո չեն ասելու՝ հերիք է ներքին թշնամանք ու ներքին պառակտում հրահրել, ապա ինչպե՞ս են պատկերացնում, որ մյուս հարթակներում հաղթեն այն մարդիկ, ովքեր հանդուրժողականության կողմնակիցն են։ Պարզ է, չէ՞, որ այնտեղ էլ կշիռ կստանան արմատական-ագրեսիվ տրամադրությունները։
Եթե նրանք շարունակելու են կանգնել այն Փաշինյանի հետևում, որը լուծում է միայն ու միայն մեկ՝ սեփական ֆիզիկական անվտանգության հարցը, շարունակում են լինել նրա պերսոնալ նաժիշտները, ապա երկրում հանդուրժողականություն շատ դժվար է լինելու ունենալ։
Երկրում պետք է լինի հանդուրժողականություն և պետք է բացառել սպեկուլյատիվ ագրեսիան, բայց դա հնարավոր է անել միայն փոխադարձ քայլերով, միմյանց կողմից ընկալված լինելու հրապարակային ժեստերով։ Ես վստահ եմ, որ «Իմ քայլում» ու նաև հարթակում կան մարդիկ, որ ո´չ դավաճան են, ո´չ «հայրենադավ»։ Բայց նրանք իրենց պահում են որպես ռումբ՝ մեր պետության տակ։
Երբ պատերազմի օրերին ԱԺ նախագահն ասում է «Չշշկռվե´ք, սա է մեր գերագույն գլխավոր հրամատարը» և իրեն պահում է քաղաքական անչափահասի պես, ապա այսօր ճիշտ կլինի, որ նա ասի՝ «ե´ս եմ շշկռվել, ու այս գերագույն գլխավոր հրամանատարի սխալ որոշումների արդյունքում մենք ծանր կորուստներ ենք ունեցել, կներե´ք»։ Այդ դեպքում ինքը կտեսնի ոչ թե «Օմեգայի» մեղադրանք, այլ՝ գիտակցում, որ բոլորն էլ կարող են սխալվել, ու հիմա միասնական լուծումներ են պետք։
Բայց դա չի արվում։ Դրա փոխարեն լուռ ու մունջ կանգնում են Նիկոլի հարթակում ու լսում նրա զառանցանքը։
Այն, ինչ կատարվեց Ա. Միրզոյանի հետ, երբեք չպետք է կրկնվի, ոչ մեկի հանդեպ։ Բայց նման այլանդակ զարգացումներից զերծ մնալը չի արվում ԱԺ-ում դիպուկահարներ շարելով, դա այլ կերպ է արվում՝ մթնոլորտի փոփոխությամբ։ Ես առաջարկում եմ անել այդ ուրիշ քայլերը։
Դիպուկահարներին ժողովրդի դեմ ցուցադրաբար հանողն ասում է միայն մի բան. թե գան ինձ «մորթելու», ես մինչև վերջ պաշտպանվելու եմ, հետո ինչ կլինի՝ կլինի։ Բայց մեր ուզածն էլ հենց դա է, որ ոչ ոք ոչ մեկին չմորթի, դրան տանում է ձեր այդ մի հոգին, որի թիկունքին լուռ կանգնած՝ դուք միտինգ ենք անում։ Փոխարենը պետք էր մթնոլորտը փոխել։
Ի՞նչ սպասել հրապարակի հարթակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հարթակն է։ Այսօր պետություն պահելու համար այդ հարթակը պետք է հեռացվի կառավարության շենքի միջից, կողքից, դրսից։
Ի՞նչ սպասել հրապարակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հասարակությունն է։ Այդ մարդկանց պետք չէ վիրավորել, նրանց կրթել է պետք։ Բայց մի հետևություն հստակ պետք է արվի. հաջորդ իշխանությունները չպետք է չարաշահեն այդ զանգվածների քաղաքացիական անօգնականությունը։Ուղղակի դա պետք է արգելվի։ Պետություն զարգացնելու համար այդ մարդկանց պետք է տալ աշխատելու և ապրելու հնարավորություններ ու կրթել։ Համբերատար ու երկար կրթել։
Մաս 3. Բաղրամյանի հանրությունը
Քաղաքում ով գիտակցում է իրականությունը և պատրաստ է դուրս գալ փողոց, այնտեղ է։ Ում ճանաչում ես դպրոցից, բուհից, աշխատանքային կենսագրությունից, ում հետ ունես ընդհանուր թեմաներ, և ովքեր ունեն որոշակի կրթական ցենզ, այնտեղ են։
Մի 30 տոկոս բերվում են տարբեր անձանց ազդեցության շրջանակներից։
Ու պետք է ընդունել փաստը՝ այս բովանդակության և այս մենեջմենթի պարագայում Բաղրամյան եկողների թիվը չի մեծանալու։ Բովանդակությունը պետք է փոխվի, որպեսզի տոտալ Նիկոլ մերժող, բայց տանը մնացող հասարակությունըդուրս գա փողոց, իսկ մենեջմենթը պետք է փոխվի, որպեսզի ողջ Հայաստանը ոտքի կանգնի։
Չի կարող լինել հայրենիքի փրկության շարժում՝ Երևանի փոքր կենտրոնի մի քանի խաչմերուկներում։
Բաղրամյանի թիվն առանց այս երկու փոփոխությունների չի մեծանալու։ Բայց և չի նվազելու։ Սա մոտիվացված հասարակություն է, որը դուրս է գալիս փողոց ոչ թե հարթակի, այլ՝ իր համար։ Բաղրամյանի հանրությունը՝ Պետության հասարակությունն է, որը, ի դեպ, կարող է նաև պարտվել, բայց դա լինելու է պետության պարտությունը։
Բաղրամյանի հարթակը
Այս հարթակը նոյեմբերից սկսած կատարել է մեծ գործ՝ փողոցին տվել է կառավարելի տեսք՝ պրոցեսները պահելով օրինականության սահմաններում, ու ձևակերպել է համընդհանուր հստակ պահանջ՝ «Հայաստանն առանց Նիկոլի», կատարելով զգալի կոնսոլիդացնող դեր։
Հետագա ամիսներին հարթակը չզարգացավ. իրավիճակը փոխվեց, իսկ հարթակն այդ նույն աճը չապրեց։
Բաղրամյանի հարթակն ունի դժվար թաքցվող մի հատկանիշ. այն չի սիրում առաջարկներ լսել, շատ կարծրացած է ու ինքն իր սահմանած քվոտաների գերին է։
Շաբաթների ընթացքում հարթակի մոտ նկատվում է աստեղային հիվանդություն։Այդ աստեղային հիվանդության պատճառը ինչ-որ իմաստով մենք ենք՝ մենք, որ մեր ընտանիքներով, մեր ընկերներով գնում ենք հանրահավաք, և հարթակին մի պահ սկսել է թվալ, թե մենք գնում ենք իրենց լսելու։
Ունի՞ արդյոք Բաղրամյանը հաջողության հնարավորություն։ Միանշանակ՝ այո, եթե իրոք դառնա հայրենիքի փրկության շարժում։ Դա ենթադրում է օրերի ընթացքում, աչքիդ առաջ այս ձևաչափից անցում քաղաքական մեծ հոսանքի, Երևանի կենտրոնից՝ համահայաստանյան, համահայկական շարժման տրանսֆորմացիա, որի համար ռեսուրսներ են պետք։
Ունի, արդյո՞ք, Բաղրամյան փողոցը պարտվելու հնարավորություն։ Գրեթե՝ ոչ։ Դժվար է հաղթել մոտիվացված ինտելեկտուալ հանրությանը։ Դա կլինի պետության պարտությունը։
Փակուղային ճշմարտություն
Փաշինյանը Բաղրամյանը կոչում է «Էլիտաների բունտ», իսկ Բաղրամյանը նրան՝ «Ժեխապետ»։ Մեծ հաշվով՝ երկուսն էլ ճիշտ են։ Բայց սա փակուղի է, քանդվում է պետությունը։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են այս վիճակի անթույլատրելիությունը և ռիսկայնությունը, պետք է թե´ իրենց քայլն անեն, թե´ հնչեցնեն իրենց ձայնը։ Երկու կողմերից էլ պետք է անեն դա՝ միմյանց ընդառաջ գալով, և ոչ՝ իրար հակադարձելու և հերքելու նպատակով։ Շատ կարևոր է, որ իշխող ուժի անդամները քայլ անեն ու դուրս գան Փաշինյանի նաժիշտի կամ թիկնապահի հոգեբանությունից։
Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր այսօր հանրային տրամադրություններ են ձևավորում ու ունեն հանրության մեջ որոշակի հեղինակություն, չդառնան որևէ ձևաչափի գերին՝ լինի դա 17, 10, 6 թե որևէ այլ։ Պետք է ավելի կարևորել սեփական ձայնը, ու ընտրել պայքարի «Ես»-ի ձևաչափը։ Հենց դա արեցինք՝ նոր էֆեկտիվ հարթակը կձևավորվի։ Մեզ լուծումներ են պետք, և դրանք չեն կարող կախված լինել մեկ կամ մի քանի հոգու ապրումներից»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում
- Վահե Հովհաննիսյան. Երեկ բարդ օր էր. հետևությունները
- Վահե Հովհաննիսյան. Արյան կոմերսանտը
- Վահե Հովհաննիսյան․ «Կվազիպետության ճգնաժամը»
- Վահե Հովհաննիսյան. Օգնել հային՝ դառնալ քաղաքացի
- Վահե Հովհաննիսյան․ «Զգուշացեք, նրանք քվեարկելու են»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան