Այլևս Բաղրամյան պողոտայից է որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը. Վանեցյան
«Ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խանգարում գերիների վերադարձի հարցի ու առհասարակ մեր անվտանգային համակարգում առկա խնդիրները լուծելուն»,- Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ իշխանությունները հերթական անգամ փորձում են իրենց ապաշնորհությունը և գործ չանելու իրենց անկարողությունը բարդել այս կամ այն մարդու վրա:
Ա. Վանեցյանը հույս ունի, որ Հանրապետության նախագահն այսօր կդիմի ՍԴ՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկության հարցով:
«Ուղղակի տրամաբանորեն չի կարող լինել առաջին անգամ հետ ուղարկել Փաշինյանին՝ համարելով հակասահմանադրական, սակայն հետո չդմել ՍԴ: Հույս ունենք այսօր նախագահի աշխատակազմից կստանանք լուր, որ նախագահն, այնուամենայնիվ, դիմել է ՍԴ: Եթե չդիմի, տեղում կհասկանանք՝ ինչ ենք անում, մեր գործողությունները կանենք»,- ասաց Ա. Վանեցյանը:
Նա համոզված է՝ իրենց համառ պայքարի արդյունքում ու հանրային ճնշման ավելացման դեպքում կհասնեն արդյունքի:
«Այլևս քաղաքական օրակարգը թելադրվում է Բաղրամյան պողոտայից և այստեղից է որոշվելու Հայաստանի ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց Ա. Վանեցյանը:
Հարցին՝ «վերջին օրերին շատ է գրվում, որ արտահերթ ընտրություններ լինելու դեպքում «Հայրենիք» կուսակցությունը ՀՅԴ-ի հետ քննարկում է դաշինք կազմելու մասին, որի վարչապետի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, կա՞ն նման քննարկումներ», Ա. Վանեցյանը պատասխանեց. «Ունենք առաջնային խնդիր՝ Փաշինյանի հեռացումը, որից հետո ժամանակավոր կառավարության ձևավորում ու արտահերթ ընտրություններ: Հենց կհասնենք այդ հատվածին, դրա մասին կխոսենք:
Հասկացա, որ քաղաքականության մեջ չի կարելի որևէ բան բացառել: Վերջին մեկ տարվա իմ գործունեության ընթացքում հասկացա, որ քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, բայց որևէ բան ևս այս պահին պնդել հնարավոր չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Բաղդասարյանն՝ Արմեն Սարգսյանի մասին. Մենք չենք ընտրել, որ լինի անգործունակ, ընտրել ենք, որ աշխատի
- «Հիմարություն է, պետք է գոնե մի փաստարկ լինի, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիներ վերադարձին». Վ. Մանուկյան
- Կարևոր քայլ պետք է անի զինվորականությունը. Դավիթ Սահակյանց
- Ժամանակն է ազգային հեղափոխություն անելու. Իշխան Սաղաթելյան