«Շուտով պարզ կլինի՝ նախագահը կատարում է կառավարության շենքից եկած հրահանգները, թե տեր է Սահմանադրությանը»
«Առաջիկա ժամերի ընթացքում հայտնի կլինի Հայաստանի ազգային անվտանգության, Զինված ուժերի միասնականության, նրանց դեմ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի անօրինական հարձակումների հետ կապված նոր զարգացումների ընթացքը»,- Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը երկար մտածելուց հետո այսօր պետք է կողմնորոշվի, թե նա աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ, նրա՝ արդեն երեք տարի տևող շանտաժների ներքո, թե կատարում է նախագահի պարտականությունները և սահմանադրության պահանջներն ու օրենքները:
«Շուտով պարզ կլինի, թե նա կատարում է կառավարության շենքից եկած հրահանգները, թե տեր է Սահմանադրությանը և երկրի գլուխն է՝ ինչպես ասվում է Սահմանադրության մեջ»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ իրավապահ համակարգն ավելացրել է Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքների թիվը՝ ոտնատակ անելով օրենքների պահանջները, սակայն քրեական գործեր հարուցելով, հոդվածներ ավելացնելով, չի կարող կանխել պայքարը:
«Հայաստանի Հանրապետությունում չի լինելու բռնապետություն և ՀՀ քաղաքացիները՝ սկսած Վազգեն Մանուկյանից, վերջացրած սահմանի վերջին բնակիչը, չեն կանգնեցնելու իրենց պայքարը և հասնելու են առանց Նիկոլ Հայաստանի»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ նույն կերպ իշխանությունները մտածածին մեղադրանքով փորձում էին լռեցնել Արա Սաղաթելյանին, բայց չկարողացան դա անել: