«Ժողովուրդ». Վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գանգատվել են, որ իրենց անվտանգությունը վտանգված է: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները փողոցներում վերջին ժամանակահատվածում հասարակության կողմից արժանանում են ագրեսիվ վերաբերմունքի, ու վերջին անգամ նույնիսկ միջադեպ է եղել ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը ու մի քանի այլ պատգամավորներ, որոնք տարբեր ժամանակահատվածում արժանացել են ժողովրդի ցասումին: Մենք տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորել է այդ հարցով դիմել ուժային կառույցներին, ոստիկանությունում հաղորդագրություններ ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցերով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ եղել են պատգամավորներ, որոնք արդեն դիմել են ոստիկանություն իրենց վրա հարձակվողներից պաշտպանվելու համար։ Հիշեցնենք, որ «հարձակումներ» են եղել Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ինչպես նաև իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդուն էին փորձել ծեծի ենթարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: