Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ելույթ ունենալով Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքում, շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին բռնապետության դեմ ու իր ազատության համար տարած պայքարի համար։
«Դուք հաղթեցիք, և ես հիմա այստեղ եմ։ Մենք հաղթեցինք։ Մենք հաղթելու ենք առաջիկայում։ Շնորհակալ եմ։ Սրանք անցել ենք բոլոր գրված ու չգրված օրենքների սահմանները, սրանք հատել են բոլոր հնարավոր կարմիր գծերը»,- հայտարարեց Արա Սաղաթելյանն իր խոսքում։
Նա նշեց՝ հինգ հազար զոհվածների, գերության մեջ գտնվողների, անհետ կորածների, բոլոր մեր կորուստների մասին հաշվետվություն տալու փոխարեն, սրանք համարում են, որ ռեպրեսիաներով, մարդկանց բանտերում փակելով, վարկաբեկելով՝ կարող են պահել իրենց իշխանությունը։
«Չի ստացվելու։ Ես հիմա այստեղից հայտարարում եմ, որ բոլորը, ռեժիմի բոլոր ստրուկները, բոլոր սպասարկուները պատասխան են տալու օրենքի, սերունդների և Աստծո առաջ։
Հազարներով մարդկանց տարան, կոտորեցին մարտի դաշտում, հետո ոմն մեկն ասում է Սյունիքի, Արցախի դիրքերը հանձնելով՝ մարդկային կյանքեր է փրկել։ Որտե՞ղ ես փրկել այդ կյանքերը, այ տղա։ Այնտեղ այդքան մարդկ կա՞ր։ Այդքան մա՞րդ էր մնացել։ Կյանք փրկող էիր, ժամանակին կանգնեցնեիր պատերազմը։ Կյանք փրկող էիր, Արցախը տասը մատի պես իմացող գեներալներին չմեկուսացնեիր մարտական գործողություններից։ Կյանք փրկող էիր, տեղեկատվական պատերազմի մասնակիցներին թույլ տայիր, որ աշխատեին, և այդ դեպքում հաստատ մեր կորուստները կլինեին ավելի նվազ»,- հայտարարեց Արա Սաղաթելյանը։
Նա նշեց, որ պատերազմի սկզբից ի վեր, շատ փոքր ընդհատումով ինքը եղել է Արցախում, տեսել է՝ ինչ է կատարվում։
«Տեսել եմ այդ ամբողջ խառնաշփոթը, կներեք արտահայտությանս համար, բարդակը։ Ինֆանտիլ ապուշների այս իշխանությունը անգամ պատերազմը վերածեց շոուի։ Մեզ վրա թափվում էին Բայրաքթարներ, կասետային ռումբեր, իսկ իրենք այստեղ քարոզում էին՝ իբր հաղթում էինք։ Հետո, ասում է՝ կներեք։ Ինչը ներենք։ Ինքդ հասկանո՞ւմ ես, թե ինչ ես արել։ Ինքդ քեզ հաշիվ ես տալի՞ս, թե ինչ ես դու արել, ինքդ քեզ հաշիվ ե՞ս տալիս, թե քանի օջախի լույս ես մարել։
Հաշի՞վ ես տալիս քեզ, որ մի ամբողջ ժողովրդի զրկել ես հայրենքիքից ու պատվից։ Ինքդ քեզ հաշի՞վ ես տալիս, որ տասնյակ հազարավոր մարդկանց թողել ես անտեր ու անտուն, հազարավոր երեխաների դարձրել ես որբ։ Քեզ ներող չկա ու չի լինելու այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուրը, ով կիսի այդ պատասխանատվությունը, դառնում է հանցակից, իսկ ոչ մի բանական մարդ դրա տակ չի մտնի»,- ընդգծեց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Արա Սաղաթելյանին ձերբակալել, ապա նաև կալանավորել էր ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով։ Մինչ Սաղաթելյանն անազատության մեջ էր, կեղծ օգտատերը շարունակում էր ակտիվ գրառումներ կատարել սոցիալական ցանցերում։
Հարակից հրապարակումներ`
- Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար
- Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն
- Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
- Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց
- Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան