Նաիրա Զոհրաբյան. Իշխանությունը գերիների վերադարձի հարցը դարձրել է քաղաքական մանրադրամ
«Իշխանական պատգամավորներն անցնում են բարոյականության բոլոր կարմիր գծերը, իրենց պատճառով տանուլ տված պատերազմի, իրենց պատճառով գերության մեջ գտնվող մեր զինվորների վերադարձի հարցը դարձրել են քաղաքական մանրադրամ»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն՝ արձագանքելով իմքայլական Նազելի Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե իբր «նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, ներքաղաքական զարգացումները դրան խոչընդոտեցին»։
ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանում գերի պահվողների վերադարձի պայմանավորվածության վերաբերյալ հաստատված տեղեկատվություն չի եղել ոչ Կարմիր Խաչի, ոչ էլ գերիների հարցով զբաղվող որևէ կազմակերպության կողմից:
«Ինձ համար զարհուրելի է, երբ կինը, ինձ համար էական չէ՝ նա պատգամավոր է, թե ոչ, սեփական իշխանության գոյությունը մեկ օր ավելի քարշ տալու համար պատրաստ է գերության մեջ գտնվողների հարցն անարգել, իրենց ոտքերի տակ գցած տրորել մայրերի վիշտը։ Գիտեք՝ քանի մայր է ինձ զանգել և հարցրել, իսկապե՞ս մեր որդիները պետք է վերադառնային։ Դա բացարձակ անամոթ ու լկտի սուտ է։ Իշխանության ղեկին պատահաբար հայտնված մարդիկ չունեն որևէ բարոյական արգելակներ»,- նշեց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, երբ իշխանության ներկայացուցիչները ոտքերով տրորում են գերության մեջ գտնվողների մայրերի վիշտը, երբ այն սարքել են քաղաքական ղումարի առարկա, այստեղ արդեն զարհուրում ես, «թե ինչպես էր հնարավոր հասնել նրան, որ պետությունը հայտնվեր նման արկածախնդիրների ու բարոյական որևէ գիծ չունեցողների ձեռքում»։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը վստահ է՝ գերության մեջ գտնվողները, բնականաբար, մի օր վերադառնալու են, սակայն այս իշխանությունն այդ գործում որևէ կապ չի ունենալու, ինչպես կապ չի ունեցել, պատերազմի ավարտից հետո վերադարձածների հարցում։
«Որևէ կապ իրենք չեն ունեցել։ Գերիների խնդրով զբաղվում են ռուս խաղաղապահները, Ռուսաստանի նախագահը, Կարմիր խաչը և մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ։ Իշխանությունն ունի զրո մասնակցություն ռազմագերիների վերադարձի հարցում։ Ավելին, նրանց պահվածքն ուղղակի վնասում է Ալիևի հետ ադեկվատ բանակցություններ վարելու հնարավորությունը։ Ալիևի հետ ռազմագերիների հարցով բանակցություն վարողը միայն Ռուսաստանի նախագահն է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը բացառում է, որ գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն եղել է, իսկ ինքն ուղղակի տեղյակ չի եղել։
«Ես չեմ բացառում, որ իրենց հոգեղբայր Ալիևն այս իշխանությանը սատարելու համար նման հայտարարություններ անգամ անի, բայց հիշենք, որ օրեր առաջ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանում որևէ ռազմագերի չկա, նրանք, ովքեր Ադրբեջանում են, դիվերսանտներ են, ուստի այն, ինչ հայտարարում էր այդ տիկինը, բավարձակ սուտ է»,- շեշտեց Զոհրաբյանը։
Հարցին, հնարավո՞ր է ինքը հանդիպել է իմքայլական պատգամավորին կամ զանգահարել՝ ճշտելու նման հայտարարության նպատակը, Զոհրաբյանն արձագանքեց. «Բայց ինքն ո՞վ է, որ ես իր հետ հանդիպեմ կամ խոսեմ։ Էս ի՞նչ եք ասում։ Իհարկե, ոչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան