Վահրամ Բաղդասարյանն՝ Արմեն Սարգսյանի մասին. Մենք չենք ընտրել, որ լինի անգործունակ, ընտրել ենք, որ աշխատի
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Հայրենիքի փրկության շարժումը պնդել է իր դիրքորոշումը։ Բաղրամյան պողոտայում մինչ հանրահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում մանարամասներ հայտնեց շարժման ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնեցին՝ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:
«Մեր դիրքորոշումն այն է, որ խնդրի միակ լուծումն այն է՝հակասահմանդրական փաստաթուղթը պետք է ուղարկվի Սահմանդրական դատարան, խոսքը Օնիկ Գասպարյանին ազատման հրամանգրի մասին է»,- ասաց Վ. Բաղդասարյանը։
Նա հիշեցրեց, մինչ այդ ևս երկու հանդիպում են ունեցել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներն Արմեն Սարգսյանի հետ։ ՀՀ նախագահը որոշ դետալներ ճշտելու կարիք է ունեցել։
«Նա ասաց, որ մինչև օրենքով սահմանված ժամկետը ինքը կմտածի ու իր որոշման մասին տեղյակ կպահի։ Նա չասաց՝ չի ուղարկի, պարզապես իր համար ճշտելու բաներ ունի»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ նախագահի գործունեությունը, ՀՀԿ ներկայացուցիչն ասաց՝ գնահատականներ կտա, երբ ավարտվի ՍԴ դիմելու համար օրենքով նախատեսված ժամկետը։
«Համբերատար սպասում ենք։ Նա ասաց՝ դա իմ իրավունքն է, ասաց՝ իրավունք ունեմ ավելի լավ մտածելու։ Դուք չկասկածեք, որ ես նրան ամեն ինչ ասել եմ»,- նշեց Բաղդասարյանն՝ ավելացնելով, որ Արմեն Սարգսյանը ասել է, թե հիմա էլ մտածում է՝ առաջարկությունը հակասահմանադրական է։
Բաղդասարյանն ընդգծեց՝ չի ցանկանում, որ իր երկրի նախագահն անգործունակ ճանաչվի։
«Մենք չենք ընտրել, որ լինի անգործունակ, ընտրել ենք, որ աշխատի։ Բայց եկեք՝ ենթադրություններ չանենք, դեռ ունենք ժամանակ, ես կարծում եմ, որ ինքը պետք է հարգի սահմանադրությունը»,- ասաց Բաղդասարյանը։