Առաջին օղակներում COVID-19-ի ոչ ճիշտ բուժման արդյունքում բժիշկները խնդրի առաջ են կանգնել. Խաչատրյան
Այսօր՝ կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող պրոֆեսիոնալ բժիշկները բազմիցս բարձրաձայնել են՝ ժամանակին սխալ նշանակված բուժման հետևանքով հետագայում իրենց համար խնդիրներ են առաջացել՝ հիվանդությունը բուժելու առումով։
«Առաջին օղակներում ոչ ճիշտ բուժում նշանակելու արդյունքում բժիշկները խնդրի առջև են կանգնել։ Սա բժիշկների, մասնագետների մաշտանշած առկա խնդիրներից մեկն է՝ ժամանակին սխալ բուժում նշանակելու արդյունքում ավելի բարդանում է նրանց բուժման արդյունավետությունը»,- ասաց Արկադի Խաչատրյանը։
Նրա խոսքով, հանձնաժողովի աշխատանքները բնականոն շարունակելու համար նոր հարցումներ են ուղարկվել Կառավարություն, ՊԵԿ և Էկոնոմիկայի նախարարություն։ Պատգամավորն ասաց, որ հարցերն առավելապես եղել են փոքր ու միջին բիզնեսի վրա համաճարակի ազդեցության մասին։
«Առավելապես վիճակագրական տվյալներ ենք խնդրել, որ մեզ տրամադրեն»,- տեղեկացրեց Արկադի Խաչատրյանը։
Միևնույն ժամանակ քննիչ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ արտակարգ դրության օրերին ՀՀ պարետ Տիրգան Ավինյանը մինչև մարտի 31-ը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ամբողջական պատասխան տալ, թե ինչպես են աշխատել պետական գերատեսչությունները՝ արտակարգ դրության օրերին։
«Մենք նաև հարցում էինք ուղարկել Կենտրոնական բանկ, և այնտեղից էլ ունենք նամակ, ըստ որի՝ մեր հարցերի պատասխանները կտրվեն մինչև մարտի 12-ը»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված պատասխաններին, թե ինչի վրա են ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացված դրամահավաքի գումարները, ապա Արկադի Խաչատրյանը նշեց, որ դրամահավաքի գումարների հետ կապված կան անհապատասխանություններ. գնումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չի տրամադրվել։
«Մենք հիմնադրամից ստացել ենք հետևյալ պատասխանը՝ «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքն իրականացվել է հիմնադրամի նախաձեռնությամբ 2020 մարտի 23-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում, որի ժամանակ հավաքագրվել է 325 մլն 608 հազար 555 դրամ, որից 154,8 մլն-ը հավաքագրվել է մասնավոր կազմակերպություններից, 18 մլն 115 հազարը՝ արտերկրում և Հայաստանում ապրող ֆիզիկական անձանցից, 152 մլն 675 հազար դրամը՝ սփյուռքում գործող հիմնադրամի տեղական մարմիններից։
Մասնավորապես ուսումնասիրվել է հիմնադրամի կայքէջում եղած տվյալները, որը փաստում է հետևյալի մասին՝ փաստացի հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրված է եղել 800 հազար 30 ԱՄՆ դոլար»,- ներկայացրեց Արկադի Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներն ուսումնասիրող հանձնաժողովին անհրաժեշտ է ևս 6 ամիս ժամանակ
- ԱՀԿ. «Անիրատեսական է», որ կորոնավիրուսի համաճարակը ավարտվի մինչև տարեվերջ