Դավիթ Տոնոյանը կանչվել է ՀՔԾ հարցաքննության, նույն գործով անցնում է նաև Արտակ Դավթյանը
Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ընդ որում, Yerevan.Today-ին հասած տյալներով, նա բավականին հակասական ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում:
Մասնավորաբար, ռազմական կարիքների համար հաստատված պլանից պետգնումներով շեղումների մասին հարց ու պատասխանում Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունն է հնչեցրել՝ նշելով, որ գենպլանից դուրս գնումների դեպքերը համաձայնեցվել են ՀՀ վարչապետի հետ և դրա մասին բազմաթիվ զեկուցագրեր կան, ուստի իրավապահների ուշադրությունն է հրավիրել հենց այս հանգամանքի վրա: Ավելին, Տոնոյանը պահանջել է, որպեսզի ուսումնասիրվի երրորդ երկրներից ձեռքբերված ռազմամթերքի մասին իր ղեկավարած գերատեսչության և կառավարության միջև եղած թղթատարությունը:
Ընդգծենք՝ պատերազմը տանուլ տված նախարար Դավիթ Տոնոյանը վկայի կարգավիճակով է կանչվել հարցաքննության, նա եղել է քննիչ Գարեգին Բեգոյանի սենյակում: Yerevan.Today-ին հաջողվեց կապ հաստատել քննչական խմբի ղեկավար Գարեգին Բեգոյանի հետ: Ի՞նչ քրգործի շրջանակներում է նախկին նախարարը հարցաքննվել, և արդյո՞ք գեներալ Արթուր Դավթյանն էլ վկայի կարգավիճակով է հարցաքննվել նույն գործի շրջանակներում, ՀՔԾ ավագ քննիչ Բեգոյանն այսպես պատասխանեց․«Ես այդ քրեական գործի հետ կապված մանրամաներ կամ գործողությունների մասին չեմ կարող հայտնել՝ նախաքննական շահից ելնելով, խնդրում եմ դիմել մամուլի ծառայություն»:
Այդուհանդերձ, տեղեկացնենք, որ նոյեմբերի 16-ին հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաև այն գեներալը, ում այսօր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանը: Ընդամենը մինչև երեկ անզբաղ, անգործ կարգավիճակից գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը քայլ ձիով գործողությամբ՝ մտավ Գլխավոր շտաբ: Երեկ կեսօրին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նրան նշանակեց մի դեկորատիվ պաշտոնի՝ կցորդ ԳՇ-ում, որպեսզի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների շրջանում Նիկոլ Փաշինյանն այնտեղ իր վստահելի աչքն ու ականջն ունենա:
ՀՔԾ-ում ծանր հանցագործության հիմքերով հարուցված քրգործով անցնող Արտակ Դավթյանը հնարավոր է դառնա ԳՇ պետ՝ զբաղեցնելով քաղաքական կամայականությունների զոհ դարձած Օնիկ Գասպարյանի պաշտոնը: Նրան այսօր առաջարկվել է ԳՇ պետի պաշտոնը:
Ինչևէ...
Ուշագրավ է այն, որ նախաքննական փուլում գտնվող կոռուպցիոն սկանդալի քրգործով անցնող Արտակ Դավթյանի հարցաքննությունը զուգորդվել է Պատրոն Դավոյի կալանավորման ակտով:
Մինչ այդ ՀՔԾ-ում քննվող նույն գործի շրջանակներում ՀՔԾ-ում էր եղել նաև զինամթերքի առքուվաճառքի հայտնի դիլլեր Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականվամբ: Փաստորեն, հաջորդը հարցաքննության պետք է կանչվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյո՞ք իր մեջ այդ համարձակությունը կգտնի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ցույց կտան դեպքերի հետագա զարգացումները:
Մի կարևոր հանգամանք ևս. հնարավոր է՝ Արտակ Դավթյանը և Դավիթ Տոնոյանը կանչվել են հարցաքննության ԳՇ նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակներում:
ՀՔԾ-ից պաշտոնական տեղեկատվություն մեզ չի հաջողվում ստանանալ, մամուլի ծառայությունն ասում է, որ հարցաքննվող անձանց անուններ հրապարակելու իրավասություն չունի, քանի որ գործը դեռևս գնտվում է նախաքննական փուլում:
Սակայն մեզ հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ում քրգործի հարուցման հիմք է հանդիսացել նաև անցած տարի դեկտեմբերին Yerevan.Today-ի տաղավարային հարցազրույցը՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ: Իրավապահ համակարգի ուշադրությանն արժանացած նյութը դարձյալ ռազմամթերիքի պետգնումներն են ու գենպլանից շեղումով անպիտան տեխնիկան:
Yerevan.Today –ին հայտնի է դարձել, որ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը ևս հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Ըստ որում՝ երկու նույնացող հիմքերով քրգործերի շրջանակներում՝ ռազմամթերքի ձեռքբերման, գենպլանից շեղումների կասկածելի դրվագներով (Սու 30, ОСА АК համակարգի գնում) և այլն:
Ավետիք Քերոբյանի սկանդալային հայտարարույթուններից մեկը հետևյալն էր․«Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ բառիս բուն իմաստով անկանոն փոփոխություններ էին կատարվում այդ պատվերի մեջ և կրճատվում էին գործարանների պատվերները, դա արվում էր հապճեպ, առանց որեւէ տրամաբանության: Այսինքն այդ միջոցները պլանից շեղումով ուղղվում էին այլ նպատակների: Զենք-զինամթերքի արտադրության համար բյուջեն ուղղվում էր այլ ծախսերի: Տարվա մեջ շատ այդպիսի դեպքեր են եղել»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռք է բերել օգտագործած, ժանգոտած «ОСА АК» զինատեսակներ, Քերոբյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ դրանք ձեռք են բերվել շահագործված վիճակում և դրանց գնումը նույնպես ռազմական պլանից դուրս է եղել:
«2017-ի հոկտեմբերին ընդունվել է զինված ուժերի զարգացման նոր ծրագիր, այդ թվում ռազմական տեխնիկայի կազմումը, որը պետք է բավարարեր բանակի ապագա ռազմական կարիքներին: 2018-ի մայիսից՝ հեղափոխությունից հետո այդ ծրագիրը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների: Բայց ես ականատես եմ եղել, որ նույնիսկ փոփոխված ծրագրից դուրս գնումներ են կատարվել, այդ թվում «ОСА АК» համակարգերը, որոնք ձեռք են բերվել արաբական մի երկրից: Դրանց ձեռքբերումը կարելի է համարել առնվազն անտրամաբանական՝ հաշվի առնելով ՀՕՊ մեր վիճակն ու կարիքները: «ОСА АК» համակարգը նախատեսված է եղել որպես շարժական ՀՕՊ միջոց և շարժական տեխնիկայի պաշտպանության միջոց: Այդ տեխնիկան պատշաճ կերպով սպասարկված, պատշաճ վերանորոգված չէր կարող լինել, հետևաբար անպատրաստ էր պատերազմին»,- ասել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան