Փաշինյան. Օնիկ Գասպարյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով համարվում է ազատված
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հայտարարություն՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Կառավարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է.
«Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:
Նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ ԶՈւ ԳՇ-ն տարածել էր հայտարարություն՝ պահանջելով Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ազատման դիմում է գրել և միացել ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա