Արմեն Սարգսյանը վարվեց ինչպես Պիղատոսը. Արծվիկ Մինասյան
«Արմեն Սարգսյանը վարվեց ինչպես Պիղատոսը, և սա ամենադառը իրականությունն է»,- այսօր խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, այն, ինչ կարող էր Արմեն Սարգսյանն իրականացնել ընդամենը մեկ օր առաջ՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ փաստաթուղթը ՍԴ ուղարկելով, չի արել, այլ փորձել է ձեռքերը լվանալ, ու հիմա էլ «ամպագորգոռ» հայտարարություններ է անում, թե դիմել է ՍԴ՝ օրենքի դրույթը վիճարկելու հետ կապված։
«Իրավական տեսակետից սա ընթացք ունեցող գործողություն է, բայց այս լարված իրավիճակում այն չի կարող հանգուցալուծում տալ։ Այս դիմումը նախ պետք է ՍԴ-ում քննարկվի՝ աշխատանքային կարգով, ապա պետք է օրենքի դրույթը կասեցվի...։ Եվ այն, ինչ անում է Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին, պետությանը տանում է բացահայտ անկման։ Խնդիրն այն է, որ ԶՈւ ԳՇ-ն՝ որպես ԶՈւ ղեկավար մարմին, միակ լեգիտիմ ինստիտուտն է, որը երաշխավորում է ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու պաշտպանությունը»,- նկատեց նա։
Ըստ Արծվիկ Մինասյանի, ԶՈւ ԳՇ-ն չի կարող պետության անվտանգությունը ստորադասել մեկ անձի քմահաճույքին։ Ուստի, ՀՅԴ-ական գործչի համոզմամբ, Օնիկ Գասպարյանն ու բարձր սպայական կազմը պետք է մնան իրենց դիրքերում և կարողանան խնդրի հանգուցալուծումը տեղափոխել քաղաքակիրթ ճանապարհ։
«Դա որն է. ԶՈւ բոլոր զորքերի օպերատիվ հրամանատարությունը ներկայումս գտնվում է ԳՇ իրավասության ներքո, իսկ դա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը պարտավոր է հաշվի նստել այս իրավիճակի հետ և փորձի լուծումներ գտնել։ Այդ լուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է..., բայց մենք տեսնում ենք, որ նա չի փորձում լիցքաթափել իրավիճակը, այլ անընդհատ փորձում է բախումներ հրահրել։ Եվ հետագա պատասխանատվությունը ողջ գործողությունների համար Նիկոլ Փաշինյանի վրա է»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նաև հավելեց, որ իրավական տեսակետից տարբեր գործողություններ կան, բայց այս պահին քաղաքական բոլոր գործընթացները ածանցվում են երկրի անվտանգության հարցից, իսկ երկրի անվտանգությունը պահանջում է Օնիկ Գասպարյանի և բարձրագույն հրամանատարական կազմի անխոչընդոտ աշխատանքը և իրենց պաշտոններում մնալը։
«Այս պահին միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, և դրա հիման վրա երկխոսություն սկսելը։ Եվ այս ուղերձը փոխանցելու համար չափազանց կարևոր է, որ այսօր քաղաքացիները գտնվեն ԱԺ մուտքերի մոտ։ Մենք այս քայլով ոչ միայն մեր զորակցությունն ենք հայտնում ԶՈւ-ին, այլ նաև քաղաքական պահանջ ենք ներկայացնում խորհրդարանական մեծամասնությանը, որ ռազմական դրությունը հանեն ու անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին։ Բանալին իրենց ձեռքում է նաև»,- եզրափակեց խոսքը Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի
- Քաղաքացին լավաշ է բաժանում Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններին
- «Իմ քայլի» պատգամավորը գումար է վերցրել հարցեր կարգավորելու համար․ Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին