Արցախի պատերազմում որդի կորցրած մինչև 53 տարեկան կանայք պետպատվերով ԱՄԲ անելու հնարավորություն կունենան
Արցախի պատերազմում իրենց որդուն կորցրած զույգերը պետպատվերի շրջանակներում ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում) անելու հնարավորություն կունենան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողականության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ նախկինում ևս պետպատվերով ԱՄԲ անելու հնարավորություն կար, բայց այդ ծրագրից կարող էին օգտվել միայն մինչև 42 տարեկան կանայք։ Խնդիրն այն էր, որ պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրերի մեծ մասը այս տարիքից մեծ են: Ուստի որոշվել է ծրագրին մասնակցելու առավելագույն տարիքը բարձրացնել մինչև 53 տարեկան ներառյալ:
Անվճար ԱՄԲ անելու հնարավորությունից, մասնագետի խոսքով, կարող են օգտվել բոլոր զույգերը, ովքեր կորցրել են իրենց որդուն Արցախյան պատերազմում՝ անկախ այն բանից, թե ունեն արդյոք նրանք այլ երեխաներ։ Սակայն որոշում կայացնելիս, բնականաբար, մասնագետները ստիպված կլինեն հաշվի առնել կնոջ առողջական վիճակը և բոլոր հնարավոր հակացուցումները:
Ինչպես նշեց Էդուարդ Համբարձումյանը, ծրագիրը կաշխատի Երևանի վերարտադրողական բժշկության 5 կենտրոններում:
«Պատերազմից հետո բոլորս մտածում ենք ինչպես ապրել այսուհետ: Վերջերս գրեթե ամեն օր մեր կենտրոն են գալիս պատերազմում իրենց երեխաներին կորցրած զույգեր: Նրանք ուզում են նորից ծնողներ դառնալ, և ես դրա մեջ կարևոր խորհուրդ եմ տեսնում՝ այս զույգերը ոչ միայն հերոսներ են դաստիարակել, այլև իրենք են հերոսներ: Նրանք բոլորիս ճանապարհ են ցույց տալիս՝ պետք է շարունակել ապրել, պետք է առաջ գնալ, երեխաներ ունենալ, վերարտադրել ժողովրդին, ամրապնդել պետությունը»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են