Այն զինվորականը, ում դավաճանը կնշանակի ԳՇ պետ, գետնով կտա սպայի արժանապատվությունը. Տոնոյան
«Մեր պայքարն արդեն 4 ամսվա պատմություն ունի, և այս ամիսների ընթացքում մենք դարձել ենք հարազատներ..., իսկ Բաղրամյանն ու Պռոշյանը դարձել են մեր միասնական խրամատը՝ հայրենիքի փրկության խրամատը»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ իրենք մնալու են «հայրենիքի փրկության խրամատում» այնքան ժամանակ, քանի դեռ «անողնաշար, սնանկ ու եսասեր» իշխանությունների ճիրաններից չի ազատվել Հայաստանը։
Պատգամավորն անկեղծացավ՝ ասելով, որ ամաչում է ՀՀ ԱԺ պատգամավոր լինելուց, քանի որ այդ նույն պաշտոնն են զբաղեցնում մարդիկ, որոնք այսօր կարտոֆիլի ու տնտեսական ապրանքների համար նախատեսված մուտքով են մտել ԱԺ։
«Սա նորմա՞լ է...։ Ամեն ինչ կախված է ձեզանից, սիրելի՛ հայրենակիցներ։ Ես ընդամենը 2 օր առաջ եմ եղել Սյունիքում։ Շուռնուխում ադրբեջանցիներից ընդամենը 20 մետր հեռավորության վրա սյունեցիները վեր էին բարձրացնում 30 մետրանոց դրոշ՝ որպես հայի արժանապատվության, հայի թասիբի, սյունեցու քաջության խորհրդանիշ։ Եվ գիտե՞ք, թե այդ միջոցառմանը քանի մարդ կար իշխանությունից։ Զրո»,- նշեց նա։
Իվետա Տոնոյանը նկատեց, որ իմքայլականները պետք է «դուխ» ունենային, որ գնային ու նայեին սյունեցու աչքերին, բայց դե իրենց համար «դուխ»-ը գլխարկներին գրելու համար սիրուն բառ է։ Նա վստահ նշեց, որ իշխանությունը պետք է քաջություն ունենար, որ գար ու նայեր շուռնուխցի Ստեփան պապի աչքերին ու ասեր, թե ինչու է Ադրբեջանի սահմանը պապի գոմի միջով անցնում։
«Կամ պիտի գային ու նայեին գյուղապետ Հակոբ Արշակյանի աչքերին ու ասեին, թե ինչու է նա իր ընտանիքի հետ քնում գյուղապետարանի շենքում, քանի որ նրա տունը մնացել է ադրբեջանցիներին։ Էսօր իշխանությունը Սյունիքի դարպասները բացել է ադրբեջանցիների համար ու գոռում է՝ էստի համեցեք։ Փոխարենը զոդում է ԱԺ դարպասները։ Ի՞նչ անուն տաս այս իշխանություններին»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
Իվետա Տոնոյանը նկատեց, որ անգամ Նիկոլ Փաշինյանի «քաղաքական հոգևոր հայրը»՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է նրան անվանել «հիվանդագին հակումներ ունեցող, աթոռին կառչած մարդ»։
Նա նաև նշեց, որ որևէ դեպքում իրենք չեն ընկրկելու, քանի որ իրենց հայրենիքից չեն նեղանալու, մնալու և պայքարելու են։
«Խոսքս ուզում եմ ուղղել նաև Արմեն Սարգսյանին, որ ուներ բացառիկ հնարավորություն՝ «Սոյուզմուլտֆիլմի» պաղպաղակներ բաժանող հերոսից վերջապես դառնալու քաղաքական ու պետական մտածողություն ունեցող պաշտոնյա։ Բայց, բնականաբար, նա բաց թողեց իր այդ պատմական հնարավորությունը։ Եվ վերջում. բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը որպես ԳՇ պետ է ներկայացրել Արտակ Դավթյանի թեկնածությունը...։ Այն զինվորականը, ում դավաճանը կնշանակի ԳՇ պետ, գետնով կտա սպայի արժանապատվությունը»,- եզրափակեց խոսքը Իվետա Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այն տիտղոսը, որ ունի Նիկոլը, վաստակեց նաև Արմեն Սարգսյանը՝ «դավաճան». Արփինե Հովհաննիսյան
- Պատգամավորները ԱԺ են մտել կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ տեղափոխելու համար նախատեսված մուտքից. Սաղաթելյան
- Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
- Գեղամ Մանուկյան. Որպես ԳՇ պետի թեկնածու Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը
- Իշխան Սաղաթելյան. Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան