Իշխանությունը փորձ է անում մարդկանց խաբել, թե ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. Սամսոնյան
«Կարծում եմ՝ այն ուժերը, որոնք ցանկանում են, որ երկրում առկա այս իրավիճակը հանգուցալուծվի, պետք է լինեն պատրաստակամ նման հանդիպումներին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով իրենց կողմից Արմեն Սարգսյանի հրավերը չմերժելուն։
Պատգամավորը նշեց, որ նախագահի հրավերը նշանակում է մեկ բան՝ նստել սեղանի շուրջ և քննարկել իրավիճակը, իսկ դա, ըստ նրա, շատ կառուցողական նախաձեռնություն է։ Պատգամավորը նկատեց՝ նախագահը քայլ է արել, և գնդակը բոլոր քաղաքական ուժերի լիդերների դաշտում է։
«Պետք է խոսել, պետք է քննարկում լինի, որ հարցերն իրենց պատասխանները ստանան»,- նշեց նա։
Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ ԼՀԿ-ն մեկ օրակարգ ունի՝ արտահերթ ընտրությունների անցկացում, որը նաև երկրի նախագահի, արդեն նաև բանակի օրակարգն է, մնում է, որ իշխանությունը քաղաքական կամք ունենա։
«Իշխանությունը գնում է հրապարակներ ու մարդկանց խաբում է, թե պարտաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ Փաշինյանն ասաց, որ եթե ընդդիմությունը գնա քայլի, ընտրություններ կլինեն, բայց խաբեց»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ եթե հուշագիր ստորագրվի, գուցեև իշխանությունը ձեռնամուխ լինի ընտրություններ կազմակերպելուն, Անի Սամսոնյանն արձագանքեց՝ ասելով՝ իսկ ինչո՞ւ էր Էդմոն Մարուքյանը գնացել Կառավարություն Նիկոլ Փաշինյանին հանդիպելու։
«Պետք է հուշագիր լիներ, ու պետք է քայլեր արվեին։ Մենք տեսանք, որ չկան նման քայլեր։ Եթե իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, թող Փաշինյանն առանց նախապայմանի հրաժարական տա։ Թե չէ ստացվում է, որ իրենք մեր առաջ նախապայմաններ են դնում, մենք էլ մեր նախապայմաններն ենք դրել։ Չիրականացրին մեր նախապայմանները, մենք ինչո՞ւ պիտի իրենց նախապայմաններով առաջ շարժվենք։ Մենք կարո՞ղ է իշխանությունների կամակատարն ենք, ինչն ենք։ Դա համագործակցային չէ, ընդհանրապես»,- նշեց Անի Սամսոնյանը։
Անի Սամսոնյանն ընդգծեց, որ եթե երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ԼՀԿ-ն մասնակցելու է և մասնակցելու է իշխանություն վերցնելու նպատակով։
Ըստ նրա, այլևս իմաստ չկա վարչապետի հետ շարունակել բանակցությունները.
«Եթե մեկը կամք չունի քեզ հետ քո օրակարգի և իր օրակարգի շուրջ բանակցելու և այդ օրակարգը կյանքի կոչելու, ապա որևէ իմաստ չկա նույնիսկ այդ մարդու հետ խոսելու։ Հստակ ժամկետներ էինք ասել, որ օրինակ՝ մարտի 8-ին հրաժարական տվեք, թող լինեն ընտրություններ։ Տեսանք, որ վարչապետը շարունակում է ընկնել ինչ-որ անձանց հետևից, թողած երկրի գլխավոր օրակարգը, դա նշանակում է, որ այս մարդը չի ուզում այդ հարցը լուծել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին