Այսօր Հայաստանում ունենք այնպիսի իշխանություն, երբ Ալիևն օրենսդիր մարմինն է, իսկ Փաշինյանը՝ գործադիր. Գևորգ Գևորգյան
«Մենք այսօր ունենք այնպիսի իշխանություն, երբ Ալիևն օրենսդիր մարմինն է, իսկ Փաշինյանը՝ գործադիր և ինչ Ալիևը հայտարարում է՝ Նիկոլն ու իր անհայրենիք թիմը լծվում են դրա իրականացման գործին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը և հիմնավորեց, որ երբ Ադրբեջանի առաջնորդն ասում է՝ Հայաստանում բանակ չպետք է լինի՝ տեղի իշխանությունները խփում են Հայոց բանակին:
Նա նկատեց, որ ներկայում Հայաստանում կա պահի հրամայականով առաջնորդվող երկրի նախագահ, թուրքահպատակ վարչապետ, թուրքի ենթակա գործադիր մարմին ու այդ մարդիկ դեռ պաշտոնավարում են, իսկ հասարակությունը հանդուրժում է նրանց:
Գևորգ Գևորգյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ գնալ ԶՈւ-ի հետ հանդիպման:
«Բոլորիս համար էր ցավալի էր տեսնել, որ մարդուն, ում մեղադրում էին Արցախում տեղի ունեցածի մեջ, միևնույն ժամանակ ընդունում են ՊՆ-ում, և ես ոչ մի կերպ չէի ուզում այդ կադրերը դիտել, դրանք տեսնելուց ես շատ ծանր ապրումներ եմ ունեցել»,- հայտնեց ազատամարտիկը:
Մյուս կողմից էլ նա գտնում է, որ իշխանությունների կողմից իրականացվող հասարակության պառակտման գործընթացների ֆոնին բանակը ցույց տվեց, որ մնում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը:
Ազատամարտիկի խոսքով՝ եթե հասարակությունն է հանդուրժում իշխանություններին, ապա ինչ ակնկալիք ունեն ՀՀ ԶՈւ-ից:
«Ունենք քաղաքական ճգնաժամ՝ կա գլխավոր շտաբի պետի պաշտոն, այնտեղ ում ուզում է նշանակի այս անհայրենիքը՝ չի կարողանում, նախագահն էլ որոշումները հետ ու առաջ է անում, այսինքն՝ իրականում քաոս է, պետություն կա և միևնույն ժամանակ՝ չկա, պետական այրեր կան, բայց իրականում չկան, հասարակությունը կա, բայց անհասկանալի վիճակում է»,- նկատեց բանախոսը և շեշտեց, որ այս վիճակը ձեռնտու է ապազգայիններին, թուրքական շահը սպասարկողներին և չի բխում հայրենիքում ապրել ցանկացողի շահերից:
Նկատելով, որ թշնամուն անհրաժեշտ է նման անկառավարելի և քաոսային վիճակ, որպեսզի կարողանա իշխել մեր վրա՝ Գևորգյանը համոզմունք հայտնեց, որ դա նրան չի հաջողվի, եթե ժողովուրդը միահամուռ ոտքի կանգնի:
Ազատամարտիկը գտնում է, որ Մարալ Նաջարյանի դեպքը՝ թուրքերի հետ ապրելու օրինակն է, և հասարակությունը նայելով այդ կնոջը՝ պետք է հասկանա, թե արդյոք պատրաստ է լսել թուրքի հետ ապրել քարոզող իշխանություններին:
Նկատելով, որ ընդդիմության հրապարակը միատարր չէ՝ Գևորգ Գևորգյանը շեշտեց, որ այնտեղ գտնվողներն ունեն մեկ նպատակ՝ երկիրը փրկել թուրքահպատակ իշխանությունից և հասարակությունը չպետք է անտարբեր ման, այլ միավորվի և վճռական ոչ ասի:
Ազատամարտիկը տարօրինակ համարեց, որ ՀՀ նախագահը հայտարարում է վարչապետի հեռացման մասին և հետո էլ նրան հրավիրում ընդդիմության հետ հանդիպման: Ըստ բանախոսի՝ այսօր քննարկելու հարց չկա, այլ Փաշինյանը պետք է հեռացվի և պատասխանատվության ենթարկվի:
Բանախոսը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը հանգանակությունների և բյուջեի փողերն բաժանելով՝ հասարակության տարբեր շերտերից իր հանդեպ լոյալություն է ակնկալում:
«Զինված ուժերը, ԳՇ-ն պետք է ներկայացնեն իրենց բոլոր ապացույցները, որպեսզի կարողանանք պատասխանատվության ենթարկել սրանց, որովհետև շատ հիմնավորումներ և ապացույցներ ունեն, որոնք չունեն հասարակ քաղաքացիները»,- եզրափակեց Գևորգ Գևորգյանը: