Աշոտ Մինասյանի հայրական տնիցն գողացել են նրա զոհված եղբոր մեդալներն ու շքանշանները․ Է․Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Աշոտ Մինասյանի հայրական տնից, օրեր առաջ, գողացել են Արցախյան առաջին պատերազմից Սիսական ջոկատի հրամանատարի և նրա զոհված եղբոր մեդալներն ու շքանշանները։ Ներքին համոզմունք ունեմ, որ այդ հանցագործությունը սովորական գողություն չէ։
Ակամայից հիշեցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2010 թվականի մարտի 24-ին Դեյր Զորում հնչեցրած ելույթից մի հատված. «1915 թվականին, ի թիվս այլոց, սպանվեցին 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներ Դանիել Վարուժանը, ով 35 տարեկան էր, և Ատոմ Յարճանյանը` Սիամանթոն, ով 37 տարեկան էր: Տանջամահ արվելուց առաջ նրանք մերկացվեցին, որովհետև եվրոպական հագուստ էին կրում, իսկ այդ ժամանակներում և այդ տարածքներում եվրոպական հագուստը թանկ արժեր: Դահիճներն իրենց վրա քաշեցին եվրոպական հագուստները. իրենց մեջ հազարամյակների քաղաքակրթություն ամբարող հայ հանճարներից և սովորական հայերի՛ց գողացված եվրոպական հագուստները»:
Իհարկե՝ գողունը տիկին Աննայի օծանելիքը չէ, որ դրա հայտնաբերման համար մոբիլիզացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ողջ իրավական համակարգը։ Հակառակը, Աշոտ Մինասյանն ինքն է գտնվում «իրավապահների» թիրախում՝ հայրենանվեր և հակաթուրքական իր գործունեության համար։
Այդ հանցագործությունից ներքին բավարարվածություն ստացած սրիկային մի բան կարող եմ ասել․ ինչքան էլ վրեդ փորձես քաշել կենդանի և զոհված հերոսների մեդալներն ու շքանշանները, դրանից երբեք հերոս չես դառնա ու կշարունակես մնալ Հայրենիքի նույն դավաճանը՝ այսօր և ընդմիշտ»։