Էլինար Վարդանյան. Հրեշավոր մեխանիզմի մի օղակ
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի կողմից քրեական գործերի միջամտության վերաբերյալ։
Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Երեկ հրապարակվեց սկանդալային տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանի իրավական համակարգի այլասերումը։
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում հարուցված քրեական գործի նախաքննությանը, ուղղումներ կատարում որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ։ Ըստ էության Աննա Վարդապետյանը հրահանգավորում է, հանձնարարականներ է տալիս վարույթ իրականացնողներին։
Սա այն իրականությունն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Երկուսուկես տարի է, ինչ մենք ահազանգում ենք, որ գործադիր իշխանության կողմից տեղի է ունենում ուղղակի և անուղղակի միջամտություն դատական և քննչական մարմինների գործունեությանը, որ մեր երկրում դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական հարցեր լուծելու գործիքի, որ իրավապահ համակարգը այլասերվում է՝ դառնալով բացառապես Փաշինյանի կամակատար։
Երեկ պարզապես հրապարակվեց սարսափելի իրականությունը հաստատող տեսանյութը։ Երեկ պարզապես բացահայտվեց, որ վարչապետի աշխատակազմից ոչ միայն ուղղակի ցուցումներ են տրվում առանձին քրեական գործերով, այլև անմիջական մասնակցություն են ունենում դատավարական փաստաթղթերի կազմմանը։
Տեսանյութը պարզ ցույց տվեց, թե ինչպես են քրեական գործերով իջեցվում քաղաքական պատվերները, ինչպես են համակարգվում իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաները։
Եթե նման դեպք լիներ որևէ զարգացած երկրում, ապա այս լուրը չէր իջնի եթերներից, կլինեին հրաժարականների պահանջներ, կլինեին հետևանքներ։ Հայաստանում այսօր այս լուրն իհարկե կլղոզվի, մանկական արդարացումներ, իհարկե, կգտնվեն։ Բայց դա չի փոխի վտանգավոր իրականությունը։
Մեկ հարցում կարելի է վստահ լինել՝ Աննա Վարդապետյանը ինքնագործունեությամբ չի զբաղվել։ Հասկանալի է, որ ինչպես նա է ցուցումներ տալիս քննիչին և ոստիկանության բաժնի պետին, այնպես էլ իրեն են տալիս հանձնարարականներ։
Մի օր, իհարկե, այդ ողջ սխեման կբացահայտվի՝ Աննա Վարդապետյանը, առանձին դատավորներ, դատախազներ, քննիչներ և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ հանձնարարականներ են ստացել, ինչ ճնշումներ և ազդեցություններ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել։
Այսօր, սակայն, շատ կարևոր է արձանագրել, որ իշխանության կողմից այսպիսի քաղաքական պատվերները եզակի չեն։ Սա ընդամենը բացահայտված մեկ դրվագ է։ Մեծ է հավանականությունը, որ վարչապետի խորհրդականը շատ այլ և կոնկրետ գործերով էլ է միջամտել, կուրացիա արել։ Սա մեկ դեպք չէ, սա համակարգված անօրինականության շղթայի ընդամենը մեկ օղակն է։ Սա մի փոքրիկ օղակ է, որ ցույց է տալիս, թե վերջին երկու տարում ինչպես են հարուցվել և քննվել բազմաթիվ աղմկահարույց գործեր։ Սա հրեշավոր մեխանիզմի ընդամենը մի մասնիկն է»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը հրահանգում է՝ այսուհետ բոլոր գործերով բոլոր գործողությունները համաձայնեցնում եք X-ի հետ, X-ը այսօրվանից Աննան է. Փաստաբան
- Նիկոլ Փաշինյանի խորհրդականը միջամտել է Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությանը. 168.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան